Հերթական անգամ վտանգվել է Հայաստանի պետականությունը
Հարցազրույց ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ Ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի հետ
– Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած աշխարհաքաղաքական հավասարակշռությունն այլևս, կարծես, չի գործում: Ըստ Ձեզ` այսօրվա միջազգային զարգացումների համատեքստում՝ Պոստդամյան համակարգի վերանայման խնդիր առաջացե՞լ է, թե՞ ոչ, և արդյոք կարո՞ղ է սահմանների վերանայման նոր գործընթաց սկսվել:
– Ձեր նշած բալանսի հիմքում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև դիմակայությունն էր՝ համապատասխան ճամբարներով: Եվրոպայում դա արտահայտվում էր մի կողմից` ժողովրդավարության և ազատ տնտեսությունների, մյուս կողմից` ամբողջատիրության և լճացած տնտեսությունների միջև հակամարտությամբ: Կար մեծ լարվածություն, և համակարգի առաջատար ուժերի գլխավոր խնդիրն էր՝ պահպանել մրցակցությունը, սակայն այն պահել հնարավորինս խաղաղ՝ բացառելով ռազմական լայնամասշտաբ բախումը:
Հիմնական զսպիչ ուժը երկուստեք ոչնչացման սպառնալիքն էր՝ ամրապնդված երկու կողմերի միջուկային ուժերով, իսկ Եվրոպայում՝ նաև սովորական սպառազինությունների հավասարակշռությամբ: Այդ բալանսը վերացել է ԽՍՀՄ վերացման հետ մեկտեղ, և որոշ սահմաններ, ինչպես գիտեք, փոխվել են` օրինակ՝ ԽՍՀՄ ժառանգորդ երկրներից շատերը` վերականգնել, իսկ մյուս մասը՝ ձեռք են բերել անկախություն, տրոհվել են Չեխոսլովակիան ու Հարավսլավիան: Միաժամանակ, փակ է մնացել երկաթե վարագույրի միակ մնացորդը՝ հայ-թուրքական սահմանը:
Մյուս կողմից, սառըպատերազմյան համակարգի փլուզման արդյունքում ԽՍՀՄ բաղկացուցիչ և արբանյակ երկրների ճնշող մեծամասնությունը, հատկապես՝ եվրոպական տարածքում, ձգտում են ոչ թե ստեղծել նոր, հնին փոխարինող բախումնային համակարգեր, այլ պարզապես նախընտրել են ինտեգրվել սառը պատերազմից հաղթող դուրս եկած և իր գերազանցությունն աներկբայորեն ապացուցած քաղաքական, տնտեսական ու անվտանգության համակարգում: Այդ համակարգի սկզբունքային հիմքերն են տրանս-ատլանտյան կապն ու ԱՄՆ հանձնառությունը եվրոպական անվտանգությանը, եվրատլանտյան գործընկերությունն ու համագործակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի ինտեգրումը գլոբալ և եվրոպական կառույցներում՝ ոչ թե իբրև հակառակորդ, ինչպես` նախկինում, այլ իբրև գործընկեր: Կառուցվածքային առումով, հետսառըպատերազմյան Եվրոպայի առանցքային հանգույցներն են Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և այն ինտեգրացիոն շրջանակները, որոնց խնդիրն է՝ բացառել Եվրոպայում նոր բաժանարար գծերի ստեղծումն ու նպաստել եվրոպական անվտանգության և համագործակցության կառույցների ընդլայնմանը, ինչպես երկուստեք ադապտացման, այնպես էլ` հետագա համատեղ զարգացման առումով: Այս իրավիճակում ապակայունացման միակ աղբյուրը Ռուսաստանի ղեկավարությունն է, որը ոչ այնքան իր երկիրը հակադրում է Եվրոպային ու մնացած առաջատար աշխարհին, այլ պարզապես ցանկանում է, որ, իրենից բացի, ոչ մի այլ նախկին խորհրդային երկիր չշփվի Արևմուտքի հետ ուղղակիորեն, այլ` միայն ու միայն իր միջոցով:
Ընդսմին, ռուսական պետությունն իր ազդեցության տարածման մեջ հենվում է ոչ թե ազատության, հավասարության կամ այլ ազնիվ իդեալների ու նպատակների, այլ վախի, շանտաժի, ատելության, բռնության, կոռուպցիայի, սաբոտաժի, ագրեսիայի միջոցների վրա: Սա է պուտինյան Ռուսաստանի դեմքը, և դրա մղող ուժը ոչ այլ ինչ է, քան սեփական գերակայության անսքող, թեև վատ արդարացված պարտադրումը: Շատերն արդեն այս երևույթը որակում են` իբրև ռևանշիզմ և նեոսովետիզմ: Ըստ իս, դրա դեմ պետք է պայքարել սկզբունքային, համակարգային, հետևողական մեթոդներով, առանց այդ երևույթի հետ խաղերի մեջ մտնելու:
Պուտինիզմը, ինչպես և ռևանշիստական ցանկացած գաղափարախոսություն, կործանարար է: Այն առավել ևս վտանգավոր է, քանի որ դրա կրողները, կարծեք, առևանգել են Ռուսաստանի պես հասուն, քաղաքակիրթ, եվրոպական փառահեղ ավանդույթներ ունեցող երկրի ինտելեկտուալ, հասարակական, տնտեսական ու քաղաքական ողջ կառույցն ու դրա ներուժը, և այն մտածված տանում են աշխարհի հետ ճակատագրական բախման: Այս բախման արդյունքում ամենաշատը տուժելու է հենց Ռուսաստանը, և նրա այսօրվա դաշնակից, «կողապատճեն» (ինչպես Եվան` Ադամից) ռեժիմները: Սահմանների բաշխման նոր գործընթաց չի սկսվել, և պետք էլ չէ թույլ տալ, որ սկսվի: Հակառակը՝ անհրաժեշտ է զսպել և հակակշռել Ռուսաստանի միջազգային կեցվածքի այս վտանգավոր ագրեսիվացումը` դրանով իսկ փրկելով ոչ միայն մեզ, այլև ռուս ժողովրդին` իր իսկ ղեկավարության և այլ երկրներում դրա դրածո/երկրպագուների անվերահսկելի, անպատասխանատու արկածախնդրությունից:
– Այս իրավիճակում ո՞րն է լինելու ՄԱԿ-ի դերը, կկարողանա՞ այսուհետ էլ անվտանգությունն ապահովել:
– ՄԱԿ-ն այս խնդրում կարող է առաջատար դեր ունենալ` իբրև ֆորում, որտեղ կքննարկվեն և միջազգային իրավականություն ու օրինականության դրոշմ կստանան անդամ-երկրների հավաքական մոտեցումներն ու քայլերը: ՄԱԿ-ը, սակայն, իբրև միջազգային կառույց, անդամ պետությունների նկատմամբ գերազգային որևէ իրավասություն չունի, այնպես որ, դրա դերը գերագնահատել պետք չէ: ՄԱԿ-ը կարող է լինել սոսկ այնքան ազդեցիկ, որքան դրա առաջատար անդամ պետությունների հավաքական կամքն ու նպատակները թույլ են տալիս:
Ինչպես գիտեք, Ռուսաստանը ևս ՄԱԿ-ի ԱԽ անդամ է, և Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ում որևէ պարտադիր որոշում հնարավոր չէ ընդունել, եթե Ռուսաստանն այն չի ցանկանում: Ուրեմն, այստեղ ՄԱԿ-ի հնարավորությունները սահմանափակ են, բացառությամբ, կրկին, այն հնարավորության, որ ՄԱԿ-ն ընձեռում է` իբրև Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ու քաղաքական ճնշում ցուցադրելու ֆորում:
– Չնայած ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներին, մինչ օրս Արևմուտքը չի գնացել նման լուրջ քայլերի, Եվրոպան շարունակում է տնտեսապես լուրջ կախվածության մեջ մնալ ՌԴ-ից: Հնարավոր համարո՞ւմ եք, որ ԱՄՆ-ը էներգակիրներ մատակարարի ԵՄ-ին` այդպիսով խորացնելով Արևմուտք-ՌԴ հակասությունը:
– Թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում գիտակցում են ռուսական էներգակիրներից կախվածության վտանգն ու Ռուսաստանի ցանկությունը` այդ կախվածությունն օգտագործել չափից ավելի կոպիտ, անհարկի նպատակներով: Ռուսաստանը պարզապես չունի ազդեցության այլ լուրջ լծակ և չի էլ պատկերացնում, թե ինչպես է գերագնահատում իր խաղաթղթերը: Արևմուտքում արդեն հասունացել է Եվրոպական էներգետիկ միության գաղափարը, և դրա հիմքում ռուսական էներգակիրներից կախվածության նվազեցման բազմանիստ ռազմավարություն է՝ նոր տեխնոլոգիաների ներդրում, էներգիայի աղբյուրների, մատակարարների, փոխադրման ուղիների ու մեթոդների դիվերսիֆիկացում, սեփական ռեսուրսների ավելի եկամտաբեր շահագործում, էներգախնայողություն և բաշխման արդյունավետացում:
Վաղ թե ուշ Եվրոպան նվազեցնելու է ռուսական գազից իր կախվածությունը, և Ռուսաստանն այդ հաղթաթուղթն այլևս չի ունենալու: Այս հեռանկարը ոչ ոք չէր ցանկանա քննարկել, սակայն Ռուսաստանի վերջին քայլերը վկայում են, որ այն անտեսելը ոչ միայն չի զսպելու վտանգը, այլև ավելացնելու է:
– Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՌԴ-Չինաստան հարաբերությունների ջերմացումը:
– Ռուսաստանը Չինաստանի վրա ճնշման քիչ լծակներ ունի, և Չինաստանն էլ վակուումի մեջ չէ, այլ շատ ավելի ինտեգրված է աշխարհին, քան Ռուսաստանը: Կան, իհարկե, ռուս-չինական զուգահեռներ, բայց կա նաև խոր անդունդ` ի տարբերություն Ռուսաստանի, որն իրեն հակադրում է Արևմուտքին՝ փնտրելով ազդեցության գոտիներ և տարանջատման ու բախման առիթներ, Չինաստանը սովորում է Արևմուտքից` խրախուսելով երկուստեք մերձեցումը: Այս տարբերությունը Ռուսաստանը չի կարողանում հաղթահարել, և թերևս, սա է պատճառը, որ Ռուսաստանում կարող են կարծել, թե Չինաստանն իրենց համար լինելու է նույնը, ինչ վաթսուն տարի առաջ Ճապոնիան էր Գերմանիայի համար: Սա, իհարկե, մոլորություն է:
– Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի աշխարհի վերաձևակերպումների այս փուլում: Եվ ինչպե՞ս կգնահատեք, որ ՀՀ-ն ոչ թե Մաքսային միությանն անդամակցի, այլ միանգամից Եվրասիական տնտեսական միությանը:
– Ես դժվարանում եմ և չեմ էլ ցանկանում Հայաստանին խորհուրդներ տալ: Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր: Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի:
– Ապրիլի 24-ին Թուրքիայի վարչապետի և ՀՀ նախագահի հայտարարություններում առկա տարրերը որոշ փորձագետներ գնահատում են` որպես միջնորդավորված պրոցես: Ըստ Ձեզ` կա՞ նման գործընթաց, և ինչի՞ կարող է այն հանգեցնել:
– Ես կցանկանայի հայ-թուրքական գործընթացը տեսնել վերականգնված: Չեմ կարող ասել՝ ինչպիսին են Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հաշվարկները կամ մտադրությունները` հուսով եմ` նրանք շարունակում են ընդհանուր եզրեր փնտրել: Սակայն, անհնար է չտեսնել, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, Ռուսաստանի այսօրվա ագրեսիվ կեցվածքի պայմաններում, հերթական անգամ վտանգվել է Հայաստանի պետականությունը: Հայ-թուրքական սահմանն այսօր, եթե այն լիներ ֆունկցիոնալ, կունենար նույն նշանակությունը Հայաստանի համար, ինչ հայ-իրանական սահմանը` մեր անկախության վաղ տարիներին:
Այո, դժվար է պատկերացնել, որ Հայաստանի ցամաքային ճանապարհը Եվրոպա անցնում է Թուրքիայով, սակայն է՛լ ավելի դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան` այդ հեռանկարը ևս ջնջելով: Ես չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ է հայ հասարակայնության մոտ այդքան վրդովմունք առաջացնում հայ-թուրքական հանձնաժողովի խնդիրը, նույնիսկ, եթե դրա նպատակը Ցեղասպանության ուսումնասիրությունն է (թեև բազմիցս տրվել են տարբեր մեկնաբանություններ): Ի՞նչ պրոբլեմ կա այդտեղ՝ թող քաղաքական հասուն տրամաբանությամբ մեկը բացատրի, թե ինչո՞ւ է դա այդքան վատ:
Արդյո՞ք մենք չենք ցանկանում, որ Ցեղասպանության խնդրով լուրջ գիտական աշխատանք ընթանա: Ի՞նչն է մեզ ետ պահում:
– ՀՀ-ում ՌԴ ներկայությունը մարդկանց հոգեբանության մեջ ասոցիացվում է նաև թուրքական վտանգից փրկության հետ: Եթե, այնուամենայնիվ, ի վերջո, Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատվեն, որոշ ժամանակ անց ՀՀ քաղաքացիների մտածելակերպը և մտահոգությունները կփոխվեն, ու ռուսական ներկայությունն այսքան պահանջված չի լինի: Ըստ Ձեզ` ինչո՞ւ ԵՄ-ն, ԱՄՆ-ը չեն գնում այդ քայլին` ճնշում գործադրել Թուրքիայի վրա և ՀՀ-ին ազատել ՌԴ պարտադրված ներկայությունից: Չէ՞ որ սա նաև մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա շատ այլ ուղղությունների վրա:
– Իսկ ինչո՞ւ պետք է ԵՄ-ն և ԱՄՆ-ը նման քայլերի գնան, երբ այդ քայլերը Հայաստանն ինքը պետք է կատարի: Եթե Հայաստանն իրեն բերդի աշտարակում փակված գեղեցկուհու տեղն է դրել ու սպասում է, որ սպիտակ ձիու վրա սլացող ասպետը պետք է գա ու իրեն ազատի չար հրեշից ու կեղծ բարեպաշտության տակ քողարկված պառավից, ապա սա ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքները չլինեին այդքան ողբերգական:
– ՀՀ իշխանական համակարգի վերաձևումներն ինչպե՞ս եք գնահատում, ու արդյոք այս նոր կառավարությունում արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ներուժ տեսնո՞ւմ եք:
– Ոչ: