
Դոնեցկում հրաժարվել են հետաձգել մայիսի 11-ին նշանակված հանրաքվեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պատգամավորները հրաժարվել են հետաձգել մայիսի 11-ին նշանակված ապօրինի հանրաքվեն: Համապատասխան որոշումն այսօր միաձայն ընդունվել է Դոնեցկում պատգամավորների ժողովի ժամանակ:
Այս մասին հայտարարել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդներից Անդրեյ Պուրգինը. «Դա մեր որոշումը չէ, դա Դոնբասի ժողովրդի որոշումն է: Դոնբասի ժողովուրդը հնարավորություն է ստացել սխրանք գործելու, և մենք իրավունք չունենք նրան զրկելու այդ հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ էր արել հետաձգել մայիսի 11-ին Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում նշանակված հանրաքվեն: