«Հայկական դիվանագիտությունը վաղուց պետք է հրաժարվեր հայության շահերին հակասող փաստաթղթի քննարկումից»
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթի տեքստում մեկ հիմնական ուղերձ կա: Դեսպան Ջեյմս Ուորլիքը հասկացնել է տվել, որ միջազային միջնորդները շարունակում են առաջնորդվել «մադրիդյան սկզբունքներով» եւ դրա տարրերով:
Բացի այդ, համանախագահը հայտարարել է, որ «Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»:
Այսինքն, այս սկզբունքներն ու տարրերը բանակցությունների սեղանին են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի ազգային իշխանությունը չհայտարարի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների անընդունելիության մասին: Այս կարծիքն է մեզ հետ զրույցում արտահայտել Արցախի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի երեկ Քարնեգի հիմնադրամում ունեցած ելույթը։
Նախորդ 5 տարիներին բազմիցս է խոսվել «մադրիդյան փաստաթղթի» ընդունման եւ իրականացման վտանգավորության մասին: Լուրջ փաստարկներ են բերվել վաղուց հնացած մոտեցումներից հրաժարվելու օգտին, որոնք ուղղված են ոչ թե տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, այլ այն խախտելուն:
Հայկական դիավանագիտությունը վաղուց արդեն պետք է հրաժարվի մի փաստաթղթի քննարկումից, որը ոչ միայն հայերի շահերի դեմ ուղղված բազմաթիվ տարրեր է պարունակում, այլ նաեւ ապակառուցողական մեծ ներուժ ունի: Ժամանակն է միջազգային միջնորդներին ազատել կեղծ պատկերացումներից, ինչը թույլ կտա հակամարտող կողմերին մշակել կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի իրողություններին:
karabakh-open.info