Իրանական գազը խողովակաշարերով Եվրոպա հասցնելու հնարավոր երեք երթուղիներից մեկն անցնում է Հայաստանով. Մաջեդի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը թուրքական երթուղին դիտարկում է որպես առավել օպտիմալ տարբերակ՝ Եվրոպային իրանական գազ մատակարարելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Մաջեդին.

«Կարծես թե, Եվրոպային իրանական գազ մատակարարելու համար ամենատրամաբանական ուղին թուրքական խողովակաշարն է: Մենք դա քննարկել ենք Թուրքիայի հետ, որ կարելի է կրկնապատկել Իրանից Թուրքիա գազի արտահանման ծավալը՝ կառուցելով 640 կիլոմետրանոց խողովակաշար»:

Մաջեդին հայտարարել է, որ կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը Եվրոպայում կգրանցվի գազի սպառման աճ, և Եվրոպային գազ մատակարարելու հարցում Իրանի մասնաբաժինը կախված կլինի իրենց հնարավորություններից ու «Վեցյակի» հետ առաջիկա բանակցություններից՝ կապված Իրանի միջուկային ծրագրի խնդրի հետ:

Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամ՝ Մաջեդին Եվրոպային իրանական գազ մատակարարելու համար թվարկել է երեք հնարավոր երթուղի: Բացի թուրքական երթուղուց, նա որպես երկրորդ երթուղի հիշատակել է Իրաքի, Սիրիայի, Լիբանանի տարածքով իրանական գազը Միջերկրական ծով հասցնելու հնարավորության մասին. «Երրորդ երթուղին անցնում է Հայաստանի ու Վրաստանի տարածքով՝ դեպի Սև ծով»:

Մաջեդիի խոսքերով՝ Եվրոպային խողովակաշարերով գազ մատակարարելու նախապատրաստությունը պահանջում է մեծ ժամանակ, և Իրանը պատրաստ է Եվրոպա արտահանել հեղուկացված գազ: Նա հավելել է, որ իրենք գազ մատակարարելու հարցով բանակցում են նաև Պակիստանի ու Հնդկաստանի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիային առնվազն երկու պատճառով ձեռնտու է Սիրիական հակամարտության կարգավորման ձգձգումը: Պատճառներից մեկն առնչվում է իրանական գազը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ (Եվրոպա) հասցնելուն: Սիրիական հակամարտությունը խոչընդոտում է «Իրան-Իրաք-Սիրիա» գազատարի կառուցմանը և իրանական գազն այդ ճանապարհով Միջերկրական ծով հասնելուն:

Արդեն 2013 թվականի հունվարին Թուրքիայում հանրությանը ներկայացվեց շրջակա միջավայրի վրա «Իրան-Թուրքիա-Եվրոպա» գազատարի կառուցման ազդեցության մասին զեկույցը: Այդ նախագծի իրագործման դեպքում Իրանը կկարողանա Թուրքիայի միջոցով տարեկան մինչև 35 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել եվրոպական երկրներին: Թուրքիայի տարածքում գազատարի երկարությունը կազմելու է 1720 կիլոմետր:

Երկրորդ պատճառն առնչվում է իրաքյան (քրդական) նավթը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելու խնդրին: Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն, չի բացառում, որ «քրդական նավթը» կարող է համաշխարհային շուկա հասցվել այլ երթուղիներով՝ «Իրաք-Սիրիա-Լիբանան» և «Իրաք-Հորդանան-Իսրայել»:

Թուրքիան պատճառաբանում է, որ իրաքյան նավթն անհնար է Սիրիայի տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելը, քանի որ այնտեղ պատերազմ է: Քանի դեռ չի ավարտվել Սիրիական հակամարտությունը, քանի դեռ այդ երկրում չի տիրել անդորր, Թուրքիան ձգտում է «վերջացնել հաշիվները» իրաքյան նավթի հետ:

Տեսանյութեր

Լրահոս