Բաժիններ՝

Աղանդավորական աշխույժ շարժը Հայաստանում կանգ է առել (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստնում տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությանը և իրենց կողմից դաշտը վերահսկելու միտումներին: Նա նշեց, որ Հայաստանում անկախությունից ի վեր անցել է բավական ժամանակ, և այդ շրջանում պատմությունը ցուց է տվել, որ նրանք` տվյալ կրոնական խմբավորումները, կազմակերպությունները, աղանդները որոշակի ժամանակ են ունեցել ինքնահաստատվելու, ձևավորվելու, ճանաչելու և յուրացնելու միջավայրը. «Այդ ընթացքում է նաև, որ սկսում են այդ հավաքականությունը, սեփական հետևորդներ հավաքել, անդամագրել: Եվ  որոշակի ժամանակ անց այդ մեծ շարժը (քանի որ սկզբում այն իրոք շատ մեծ է) աստիճանաբար դանդաղում է և նույնիսկ կանգնում: Հետո սկսվում է մեկից մյուսը տեղափոխումները: Հիմնականում նույն կադրերն են, չնայած լինում են նաև նորամուտներ, բայց դրանց թիվը գնալով ավելի է քչանում: Դրանք հիմնականում սոցիալապես խոցելի խավերից են, համենայնդեպս Հայաստանի պարագայում այդպես է: Թեպետ, դրսում մենք ունենք տարբեր փաստեր, որ այդ կազմակերպությունների մեջ ներառվում են նաև մեծահարուստներ, էլ չեմ ասում նաև որոշակի կշիռ ունեցող անձինք, պետական պաշտոն վարողներ»:

Ըստ բանախոսի` Հայաստանում այդ աշխույժ շարժը կարծես կանգնել է. «Դա ասելու համար հիմք է ծառայում նաև իրենց իսկ (օրինակ, Եհովայի վկաների) հրապարակումները (եթե նայեք նրանք տարեկան հրապարակումներ են անում,իրենց աշխարհում անդամների քանակի հետ կապված): Այնտեղ զգալի է, որ վերջին 2-3 տարում, ոչ թե աճ կա այլ նահանջ կա, այսինքն` անկում կա»:

Վ. Աստրյանը նշեց, որ այն պրոցեսները, որոնք այսօր տեղի են ունենում, նախատեսված չեն եղել օրենսդիրների կողմից, և դրանց կարգավորման ձևերը ամրագրված չեն. «Այդ էր պատճառը, որ մեր կողմից, նույնիսկ պետական խորհրդի կողմից ժամանակին բարձրացվել է գոնե օրենքի փոփոխություններ անելու հարցը: Հետո (մոտավորապես 5 տարի առաջ), նաև հանձնարարական եկավ Անվտանգության խորհրդից, մենք մշակեցինք օրենքի նախագիծ, Արդարադատության նախարարության կողմից ուղարկվեց նաև Վենետիկի հանձնաժողովին, որն ըստ պայմանավորվածության պետք է լիներ, նրանք կարծիք հայտնեցին, քննադատեցին, բայց այդ քննադատությունը, չգիտես ինչու, լիարժեք հիմք ընդունվեց: Արդարադատության նախարարությունը մշակեց մի նոր նախագիծ: Մենք, իհարկե, մեր առաջարկները գրավոր տեսքով ներկայացրեցինք: Որոշ մասերվ այն առաջադեմ է և արտացոլում է այսօրվա իրավիճակը, բայց նա էլ գնաց Վենետիկի հանձնաժողով, կանգնեց: Հիմա տեսնենք, թե ինչ պետք է լինի: Ակնկալվում էր, որ այս գարնան ընթացքում պետք է անդրադարձ լիներ դրան»:

Վ. Ասատրյանի խոսքով` երբ գալիս է ինքնահաստատման շրջանը, այդ կառույցները սկսում են ենթակառույցներ ստեղծել. «Ասենք, մանկապարտեզ, դպրոցներ, եթե հաջողվում է՝ նաև համալսարաններ: Եթե կհիշեք, այն մութ ու ցուրտ տարիներին երևի հենց միայն նրանց օջախներն էին, որ բաց էին` կարատեի, նկարչության, և այլ: Եվ երեխաներին կտրելու համար մարդիկ տանում էին այնտեղ` չիմանալով, թե դա ինչ է: Ու այդ կազմակերպությունները օգտվեիցն այդ վիճակից ու օգտվում են»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս