Գրոհում են Հայաստանի վերջին հույսը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, որ միշտ ամեն հաջորդ սերունդ ավելի խելոք է եղել, քան նախորդը, սակայն Հայաստանում այսօր նոր սերունդը նախորդից ավելի «դմբո» է, և այդ «դմբոներին» փորձում են համոզել, որ իրենք ազատ են և կարող են ամեն ինչ անել:
Աշոտ Մանուչարյանի հայտարարություններին կարելի էր և գուցե ժամանակն է լուրջ չվերաբերվել, եթե այս հայտարարություններում չլինեին բավական մտահոգիչ «թեզեր», որոնց հեղինակը ակնհայտորեն Հայաստանում չէ: Եվ կասենք, թե որտեղ է:
Նախ` այն մասին, որ մինչև նոր սերնդին գնահատականներ տալը, Աշոտ Մանուչարյանը լավ կաներ` որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ և որպես հայկական պետականության ակունքներում կանգնած մարդ, որն անկախության առաջին տարիներին զբաղվել է մի կարևոր ոլորտով՝ անվտանգությամբ, գնահատական տար այդ շրջանի, այսինքն` այդ սերնդի, այսինքն իր խոսքով` ներկայիս երիտասարդությունից ավելի խելացի սերնդի գործողություններին և գործունեությանը:
Գործունեություն, որի արդյունքում «խելոք սերունդը» երկրում իշխանության է բերել պատեհապաշտ, քրեական տարրերին, սկիզբ դրել ընտրությունները կեղծելու ավանդույթին, իսկ հետո ուղղակի իշխանությունը հանձնել այդ տարրերին` ըստ էության տապալելով անկախ պետականության կառուցման գործը:
Հիմա այն մասին, թե որտեղից են գալիս երիտասարդների ազատության զգացումի և «խելքի» մասին մանուչարյանական «թեզերը»: Դրանք գալիս են ՀԱՊԿ-ից, որը Հայաստանում ճարտարապետական հուշարձաններ փլելով ակադեմիա է կառուցում, երևի իր ուզած երիտասարդները պատրաստելու համար: Այդ ՀԱՊԿ-ի քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մի քանի ամիս առաջ մի հոդված էր հրապարակել «գունավոր հեղափոխությունների» վտանգի մասին, որում ուղղակի գրել էր, որ «գունավոր հեղափոխությունները» պատրաստում են երիտասարդների «խելքն ուտելով»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։