Թաներ Յըլդզը հերքել է այն, որ Թուրքիան Եվրոպային վաճառում է իրաքյան նավթ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան չի սկսել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ներկրած իրաքյան նավթի վաճառք:
Յըլդըզի խոսքերով՝ իրականության չի համապատասխանում այն տեղեկատվությունը, որ Թուրքիան, իբրև թե, սկսել է համաշխարհային շուկաներում վաճառել իրաքյան նավթը: Նախարարն ընդգծել է, որ իրենք օրական ներկրում են 100.000 բարել իրաքյան նավթ, որն ամբարվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն ստացել Բաղդադի համապատասխան համաձայնությունը:
Այս տարվա հունվարի 3-ին էլ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան սկսել է ներկրել իրաքյան նավթ, որը, սակայն, եվրոպական շուկաներ չի հասցվի առանց Բաղդադի համաձայնության:
Հիշեցնենք, որ Թուրքիային առնվազն երկու պատճառով ձեռնտու է Սիրիական հակամարտության ձգձգումը: Պատճառներից մեկն առնչվում է հենց իրաքյան (քրդական) նավթը սեփական տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելու խնդրին:
Իրաքի կենտրոնական կառավարությունը, սակայն, չի բացառում, որ «քրդական նավթը» կարող է համաշխարհային շուկա հասցվել այլ երթուղիներով՝ «Իրաք-Սիրիա-Լիբանան» և «Իրաք-Հորդանան-Իսրայել»: Թուրքիան պատճառաբանում է, որ իրաքյան նավթն անհնար է Սիրիայի տարածքով համաշխարհային շուկաներ հասցնելը, քանի որ այնտեղ պատերազմ է:
Քանի դեռ չի ավարտվել Սիրիական հակամարտությունը, քանի դեռ այդ երկրում չի տիրել անդորր, Թուրքիան ձգտում է «վերջացնել հաշիվները» իրաքյան նավթի հետ: Մյուս պատճառն առնչվում է իրանական գազը Թուրքիայի տարածքով համաշխարհային շուկաներ (Եվրոպա) հասցնելուն:
Պլանավորված էր իրանական գազը Միջերկրական ծով հասցնել Իրաքի ու Սիրիայի տարածքով («Իրան-Իրաք-Սիրիա» գազատար), սակայն Սիրիական հակամարտությունը դարձյալ խոչընդոտում է դրան:
Արդեն 2013 թվականի հունվարին Թուրքիայում հանրությանը ներկայացվեց շրջակա միջավայրի վրա «Իրան-Թուրքիա-Եվրոպա» գազատարի կառուցման ազդեցության մասին զեկույցը:
Այդ նախագծի իրագործման դեպքում Իրանը կկարողանա Թուրքիայի միջոցով տարեկան մինչև 35 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել եվրոպական երկրներին: Թուրքիայի տարածքում գազատարի երկարությունը կազմելու է 1720 կիլոմետր: