Ինչո՞ւ է պարոն Եդոյանը 76-ամյա քաղաքացու գիշերային հանգստի հաշվին փութաջանորեն պաշտպանում ռեստորանատիրոջ շահերը

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է.

«Ս.թ. մարտի 19-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետը, ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի տնօրենի նամակի, որը վերաբերում է Երևանի Մաշտոցի պողոտա 31 հասցեում գտնվող «Կամելոտ» ռեստորանի առաջացրած գիշերային աղմուկի վերաբերյալ քաղաքացի Ստելլա Առուստամյանի բողոքին, N15/01-14526Հ թվակիր նամակում հայտնել է, որ «Ջի էս էն Ոսկեվազ» ՍՊԸ-ի տնօրեն Ալվարդ Մնացականյանը բանավոր կերպով պարտավորվել է իրեն պատկանող վերոնշյալ հասցեում գտնվող ռեստորանում կատարել ձայնամեկուսացման աշխատանքներ: Նշեմ, որ ռեստորանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վերջին «նախազգուշացում»-ը ստացել է 2014թ. հունվարի 20-ին, ընդ որում 40 000 դրամով տուգանվել են փոխտնօրենն ու գանձապահը:

Սա նշանակում է, որ գիշերային աղմուկի փաստն արձանագրվել է ոստիկանության կողմից, և չնայած սրան՝ գիտեմ, որ պարոն Եդոյանի կողմից այդ ռեստորանին արդեն տրվել է շուրջօրյա գործունեության իրավունք:

Նախ խնդրում եմ պարզաբանել, թե ինչու ռեստորանի տեր Ալվարդ Մնացականյանից պարոն Եդոյանը գրավոր չի վերցրել ձայնամեկուսացնելու մասին պարտավորությունը, որի հիման վրա միայն պետք է տրվեր շուրջօրյա գործունեության թույլտվություն, և երկրորդ՝ ի վերջո ձայնամեկուսացման բանավոր արած պարտավորությունը տնօրենն իրականացրե՞լ է, թե՞ ոչ:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Տեսանյութեր

Լրահոս