
Թուրքական ընդդիմությունը փորձում է նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացնում են խորհրդակցություններ՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու համար:
Հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախկին նախագահ Դենիզ Բայքալը մայիսի 5-ի ուշ երեկոյան բանակցել է ԺՀԿ-ի ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:
Տևական հանդիպման ժամանակ Բայքալը Քըլըչդարօղլուին առաջարկել է հանդիպել ընդդիմադիր մյուս հիմնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչների հետ՝ նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ կոնսենսուսի հասնելու համար:
Քըլըչդարօղլուի կարծիքով՝ ԱՇԿ-ը կողմ չէ նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալուն: Հանդիպման ժամանակ Բայքալը նրան առաջարկել է նաև բանակցային գործընթացում ներառել քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ): Սակայն վերջինիս առաջնորդներից Էրթուղրուլ Քյուրքչյուն դեմ է արտահայտվել դրան:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին: