Կիևը պատրաստ է հարավ-արևելքին տրամադրել ավելի մեծ լիազորություններ, քան ՌԴ-ը տալիս է իր մարզերին. Քերի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում 7 ժամանոց հանդիպում է ունեցել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ուկրաինայի արևելքի ու հարավի շրջաններին հատկացնել ավելի մեծ լիազորություններ, քան Ռուսաստանն է տրամադրում իր ինքնավար հանրապետություններին ու մարզերին.
«Մենք հարգում ենք այն փաստը, որ Ռուսաստանը պատմական խորը կապեր ունի Ուկրաինայի հետ: Կիևը հանդիսանում է ռուս ուղղափառության բնօրրանը, որ այդ տարածքում մղվել են ազատագրական պատերազմներ: Մենք հասկանում ենք այդ կապերը և ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու ուժեղ զգացմունքները: Ոչ ոք չի հերքում դա:
Սակայն փաստն այն է, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է հարգանք ցուցաբերել ռուսերենի նկատմամբ, հարգել այդ շրջանների մարդկանց մեծ ինքնավարությունը: Անկեղծ ասած՝ Ուկրաինայի կառավարությունն արևելքի ու հարավի մարդկանց առաջարկել է ավելի մեծ լիազորություններ, քան Ռուսաստանն է տալիս իր յուրաքանչյուր ինքնավար հանրապետությանը կամ մարզին: Դա փաստ է»: