Դատարանը Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով որոշում է կայացրել

2014 թ. մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Կ. Ղազարյանի, շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ Խաչիկ Ասրյանի կողմից Զարուհի Փաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր վարույթն իրականացրած մարմնի և Գլխավոր դատախազության ներկայացուցչի մասնակցությունը դատաքննությանը ապահովելու համար:

Սույն դատական նիստին, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր  դատախազության ներկայացուցիչները կրկին չէին ներկայացել և դատարան ուղարկել էին  գրություններ՝ բողոքի քննությունն առանց իրենց մասնակցության իրականացնելու խնդրանքով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ Ն.Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Բադալյանն արդեն իսկ հայտնել է, որ ծանրաբեռնվածությունից ելնելով չի կարող ներկայանալ բողոքի քննարկմանը: Միաժամանակ, Ն. Ստեփանյանը հայտնել էր, որ Վ. Բադալյանն արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հետ կապված և խնդրել է դատարանին մերժել վերջինիս բողոքը, գտնելով, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 04.03.2014թ.կայացված դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ.Բաբայանը դատարանին հատնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչները չեն կարող ներկայանալ վերաքննիչ բողոքի քննության դատական նիստին և խնդրել էր բացակայությունը համարել հարգելի և բողոքի քննությունը կատարել առանց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացուցչի մասնակցության: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա.Սաքունցը նման վերաբերմունքը որակեց որպես անհարգալից վերաբերմունք դատական համակարգի նկատմամբ և միջնորդեց, որ դատարանին պետք է ներկայացվեն զբաղվածության վերաբերյալ հստակ հիմնավորումներ: Նախագահող դատավոր Կ. Ղազարյանը, քննարկելով միջնորդությունը, մերժեց այն՝ համարելով, որ գործում առկա ապացույցները բավարար են որոշում կայանելու համար:

Նախագահող դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որից րոպեներ անց հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Հիշյալ որոշմամբ մերժվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնվեց ստորադաս դատարանի դատական ակտը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 05.05.2014 թ. որոշումը կներկայացվի այն ստանալուց հետո:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս