Բաժիններ՝

Պաշտպանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մեղադրյալ Արտակ Ղուկասյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը: Պաշտպանը դատարան է բողոքարկել Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը:

Դատական նիստի ընթացքում Հ. Ճարոյանն ասաց, որ իր պաշտպանյալ Արտակ Ղուկասյանին առևանգել են: Նա դատարանին ներկայացրեց նախաքննության ընթացքում կատարված առերես հարցաքննության արձանագրություն և նշեց, որ Ա. Ղուկասյանը հայտարարել է, որ իրեն առևանգել են և հիմնավորումներ է ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝ Ա. Ղուկասյանին առևանգելու մասին նշել են նաև նրա մերձավոր հարազատները, ովքեր նշել են նաև առևանգմանը մասնակցած անձանց անունները: Հակոբ Ճարոյանի խոսքով՝ առւևանգման մասին հանգամանքեր հայտարարվել են դեռ 2013թ. փետրվար ամսից, բայց քննիչը որոշում կայացրել է 2014թ. մարտին:

Փաստաբանն ասաց, որ քրեական գործի նախաքննության ավարտից հետո քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ինքը միջնորդություն է ներկայացրել, և պահանջել, որ քննիչը վերացնի քրեական գործ չհարուցելու մասին որոշումը: Փաստաբանի խոսքով՝ իր ներկայացրած միջնորդությունը «շատ արագ» մերժվել է:

Հ. Ճարոյանն ասաց, որ եթե առևանգման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա ակնհայտ է, որ դրա մասին հայտնողները սուտ մատնություն են կատարել. «Այսինքն՝ անկախ ամեն ինչից կա քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն՝ կամ առևանգում, կամ սուտ մատնություն: Հետևաբար դա արդեն իսկ նշանակում է, որ քննիչը պարտավոր էր հենց այդ դրվագով, հենց այդ փաստի առիթով հարուցել քրեական գործ»:

Փաստաբանն ասաց,  որ իր կարծիքով՝ դատարանը պետք է վերացնի քրեական գործ չհարուցելու որոշումը, որպեսզի քննությամբ պարզվի իրականությունը:

Քննիչն էլ առարկեց, որ ներկայացված նյութերը բավարար չեն բողոքը հիմնավորելու համար: Նա նշեց, որ իր որոշումը կայացվել է ձեռք բերված ապացույցների «համակցության, վերաբերելիության և դրանց գնահատման տեսանկյունից»: Նրա խոսքով՝ քրեական գործում կան փաստաթղթեր, նյութեր, որոնք չեն ներկայացվել պաշտպանի կողմից, իսկ ինքը զրկված է դրանք ներկայացնելու հնարավորությունից, քանի որ քրեական գործը գտնվում է դատարանում: Հակոբ Ճարոյանն էլ առարկեց, որ իր կողմից բողքի ներկայացումը դատարան տեղի է ունեցել մինչև քրեական գործը դատարան ուղարկելը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս