Ի պատասխան Ղրիմում ՌԴ-ի գործողությունների՝ ԱՄՆ-ը կփորձի լուծել ԼՂ-ի հարցը. Foreign Affairs

Ամերիկյան Foreign Affairs պարբերականում մայիսի 3-ին հրապարակվել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կասպյան տարածաշրջանի գծով փորձագետ Բրենդա Շեֆերի «Լեռնային Ղարաբաղը Ղրիմից հետո» խորագրով հոդվածը, որում նշված է, որ մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հեղինակն ընդգծում է, որ դա տեղի կունենա Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո, ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար.

«Չլուծված հակամարտությունը նրա երաշխիքն է, որ Հայաստանը չի պահանջի ռուսական զորքերի դուրս բերում: Բացի այդ, ցամաքային զորքերի առկայությունը Ռուսաստանին հնարավորություն է տալիս ճնշում գործադրել Հայաստանի վրա և նրան հեռու պահել Արևմուտքից»:

Շեֆերը գտնում է, որ այն բանից հետո, ինչ Ռուսաստանն ապացուցեց, որ պատրաստ է ուժ կիրառել, Արևմուտքը պետք է պատասխանի նրան: Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին օժտել է տարածաշրջանում զգալի ազդեցությամբ, և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի գլխավոր դերը պետք է լինի ստեղծված իրավիճակի շտկումը:

Շեֆերը նաև Վաշինգտոնին կոչ է արել աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանն ու առևտրի աճին, ինչը Երևանը կազատի Մոսկվայից ունեցած կախվածությունից:

Տեսանյութեր

Լրահոս