Ստեփան Սաֆարյան. Սահմանադրական փոփոխությունները կարող են նույնիսկ վարկաբեկել խորհրդարանական կառավարման կարգը

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցումխոսելով այն մասին, թե ինչու են բոլոր ոչ իշխանական ուժերը, բացի՝ՀՅԴ-ից, դեմ սահմանադրական փոփոխություններին, ասաց. «Ըստ էության, պետք է արձանագրել, որ ՀԱԿ-ը երբեք կողմ չի եղել խորհրդարանական կառավարման անցնելուն, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ցավագին է ընդունում իր իսկ կողմից ընդունված Սահմանադրության և դրանում ամրագրված՝ պետության կառավարման կարգի փոփոխությանը:

ԲՀԿ-ն, կարծում եմ, ավելի շատ այդ դիրքորոշումն արտահայտեց, որովհետև նույնքան կտրուկ էր Ռոբերտ Քոչարյանը, ով ժամանակին նույնպես կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Իսկ «Ժառանգությունը» կրկին, որքան էլ կողմ է խորհրդարանական կառավարմանը, այնուամենայնիվ, տեսնում է, որ դրա փոխարեն՝ այլ խնդիր է լուծվում: Այսինքն` իշխանության փոխանցման, վերարտադրության և այլ խնդիրներ: Հետևաբար՝ համարում է, որ այդպիսի փոփոխությունները երբեք չեն կարող լավ բանի բերել: Ավելին՝կարող են նույնիսկ վարկաբեկել նույն խորհրդարանական կառավարման կարգը: Ես կարծում եմ, որ երբ սկսենք քննարկումները, և «Ժառանգությունը» մասնակցել-չմասնակցելու խնդիր քննարկի, ապա այդ ժամանակ ավելի վերջնական դիրքորոշում կարտահայտենք»,- ասաց նա:

Մինչդեռ, հիշեցնենք, ՀՅԴ-ն գտնում է, որ մինչև հուլիսի 1-ը շատ կարևոր շրջան է՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամների վրա հանրային-քաղաքական ճնշում գորդադրելու առումով, որպեսզի նրանք նախագահին ներկայացնեն ոչ թե ձևական, այլ քաղաքական ուժերի պահանջներից բխող փոփոխություններ ներառող փաթեթ:

Մեր այս դիտարկմանը և հարցին՝ աշխատելո՞ւ են մյուս քաղաքական ուժերը ՀՅԴ-ի հետ այդ ուղղությամբ, Ս. Սաֆարյանըպատասխանեց. «Եթե որևէ մեկը կհրավիրի «Ժառանգությանն» այդ խնդիրը քննարկելու, ապա «Ժառանգությունն» այդ հարցը կդիտարկի իր ղեկավար մարմնում, հետևաբար՝այս պահի դրությամբ որևէ բան ասելն անիմաստ է»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս