
Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ

Հարգելի լրագրողներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության օրվա կապակցությամբ:
Պատահական չէ, որ մամուլի ազատությամբ են որոշում պետության զարգացվածության աստիճանը: Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի:
Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար: Մեր սերունդն այդ ազատության համար է, որ ոտքի կանգնեց և բազում նահատակների գնով այսօր ունենք ազատ ու անկախ հայրենիք: Մեզ համար շատ թանկ ու հարազատ է այդ բարձրագույն արժեքը:
Պաշտպանության նախարարությունը վաղուց որդեգրել է թափանցիկ ու ազատ աշխատաոճ, մենք միշտ էլ կարևորել ենք մամուլի հետ ազատ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցելու ճանապարհը: Ձեր համարձակ, երբեմն նրբանկատ դիտողականությամբ, բայց պատասխանատու զգուշավորությամբ պատրաստված նյութերը մեր կայացրած որոշումների վրա ճիշտ ազդեցություն են թողնում:
Ձեզ մաղթում եմ ազատ ու անաչառ աշխատանք, քանի որ ազատությունը թռիչքների գրավականն է: Ձեր ազատությամբ ու պատասխանատու աշխատանքով է զարգանում մեր երկիրը: Դուք ձեր բարձրակարգ ու պատասխանատու աշխատանքով օգնում եք մեր երկրին զարգանալ ճիշտ ու սխալներից զերծ մնալ: Ազատությունը հնարավորություն ու պարտականություն է միաժամանակ: Ձեզ ազատ մարդու բարձր պատասխանատվություն եմ մաղթում:
Շնորհավոր Մամուլի ազատության օրը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան