«Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը տրվեց հայտնի լրագրող Մեսրոպ Հարությունյանին
Այսօր` մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի Ժուռնալիստի տանը կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի մի շարք հայտնի լրագրողներ, խմբագիրներ և լրատվական դաշտի հետ կապված գործիչներ:
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, նախքան բոլոր լրագրողներին շնորհավորելը, իր առաջին իսկ նախադասությամբ նշեց` Հայաստանի անկախության հռչակումից ի վեր ամենամեծ ձեռքբերումը խոսքի ազատությունն է:
«Ամեն օր, երբ յուրաքանչյուր լրագրող նստում է համակարգչի առջև, կարծում եմ, որ վայելում է այդ օրը, այդ իրավունքը, հնարավորությունը, և նա այլևս չի կաշկանդվում, թե ինչ մտքից սկսի, ինչ վերնագիր դնի, ինչ ամփոփում ունենա, որովհետև նա չի տեսնում ո´չ գրաքննություն, ո´չ խմբագրի բիրտ հայացքը, ո´չ օրենքով արգելանքը: Դա արդեն մասնագիտական մեծ նվեր է»,- ասաց Աստղիկ Գևորգյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում, որ տարիներ հետո այլևս այս տոնի ժամանակ չհիշենք այն դեպքերը, երբ ժուռնալիստի նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, երբ խոչընդոտվել է ժուռնալիստի մասնագիտական աշխատանքը, այլ ուղղակի խոսենք ձեռքբերումների մասին և մեկից ավելի մրցանակներ տանք, այնքան շատ լինեն մամուլի ազատությունից օգտվող լրագրողները»,- ավելացրեց նա:
Իր գործընկերների առջև ելույթ ունեցավ նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ում խոսքերով` մամուլի ազատությունն օգնում է դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կան, քանի որ այսօր մամուլի ազատության վիճակը վատթարանում է ամբողջ աշխարհում:
«Այն, որ մենք առայժմ համարում ենք, որ ունենք այնպիսի լրագրողներ, ովքեր պայքարում են խոսքի ազատության համար, ում խոսքի ազատության ժամանակն է այսօր… և մեր մրցանակն այդպես էլ կոչվում է: Հուսով եմ, որ այն լրագրողը, ում այսօր կհանձնենք մեր մրցանակը, իր պրոֆեսիոնալ գործունեությամբ, իր օրինակով շարունակելու է նպաստել, որպեսզի Հայաստանում, եթե չառաջադիմի, ապա գոնե պահպանվի մամուլի ազատության այն մակարդակը, որն այսօր ունենք, և մենք չենթարկվենք այն միտումներին, որոնք կան աշխարհի բազմաթիվ երկրներում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Ինտրիգը երկար չպահպանվեց. մրցանակը հանձնվեց հայտնի լրագրող մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանին`պրոֆեսիոնալիզմի, ազատ մամուլի և խոսքի ազատության, տեղեկատվության ավանդական և նոր հարթակներ խոսքի ազատությանը նպաստելու և լրագրողական գործունեության համար:
«Երբ դու լավ դերձակ ես, լավ վարսավիր, լավ գրող, լավ նկարիչ, ունես պահանջարկ, և քեզ մոտ են գալիս մազերը սարքելու, քո գրածներն են կարդում, քո նկարներն են գնում և այլն, պահանջված, լավ մասնագետ ես, բայց դու վարպետ ես դառնում այն ժամանակ, երբ համքարությունն է քեզ ընդունում, իբրև այդպիսին: Շնորհակալ եմ, որ ինձ վարպետ ձեռնադրեցիք»,- իր շնորհակալական խոսքում ասաց Մեսրոպ Հարությունյանը: