
Սիրիայի կառավարությունն ու ապստամբները հայտարարել են Հոմսում հրադադարի մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանություններն ու ապստամբները պայմանավորվել են Հոմս քաղաքում հրադադարի մասին, որի մի շարք շրջաններ գտնվում են հակակառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Այս մասին հայտարարել է Լոնդոնում բազավորված Syrian Observatory for Human Rights (SOHR) իրավապաշտպան կազմակերպությունը: Նրա հաղորդմամբ՝ համաձայնությունն արդեն իսկ ուժի մեջ է մտել Հին Հոմսում, որը երկու տարի գտնվում է շրջափակման մեջ, և քաղաքի այլ մասերում, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ:
Փետրվարին կողմերը նույնպես պայմանավորվել էին քաղաքում հրադադար հաստատելու մասին: ՄԱԿ-ի տվյալներով՝ հրադադարի օրերին Հոմսից հաջողվել էր դուրս բերել ավելի քան 1400 մարդ: 2011 թվականի մարտից ընթացող Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 150.000 մարդ: