
ԵՄ-ը ցանկանում է, որ իր անդամների համար սահմանվի ռուսական գազի միասնական սակագին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրները ներկայումս ռուսական գազ են գնում տարբեր գներով: Եվրահանձնաժողովն աջակցում է ԵՄ-ի անդամ երկրների համար ռուսական գազի միասնական գնի սահմանմանը:
Այս մասին այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո Վարշավայում հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը. «Մենք ցանկանում ենք, որ միասնական շուկայում գործի գազի միասնական գին»:
Օթթինգերի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը ցանկանում է ի ցույց դնել Ուկրաինայի հետ իր համերաշխությունը և հատկապես ներկայիս պայմաններում: