
Սեուլի մետրոպոլիտենում միմյանց են բախվել երկու գնացքներ. կա 170 վիրավոր (տեսանյութ)

Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեուլի մետրոպոլիտենում միմյանց են բախվել երկու գնացքներ, ինչի հետևանքով վիրավորվել է մոտ 170 մարդ, զոհերի մասին տվյալներ չկան: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ:
Գնացքներից մեկն անսարքությունների պատճառով կանգ է առել երկու կայարանների միջև ընկած տարածքում, ինչից հետո նրա մեջ է մխրճվել երկրորդ գնացքը: Բախման հետևանքով գնացքներից մեկի վագոնը դուրս է եկել ռելսերից: Ուղևորները հարկադրված են եղել ոտքով հասնել դեպի առաջիկա կայարան:
Այս միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հարավային Կորեայի բնակիչները դեռ ուշքի չեն եկել «Սևոլ» ուղևորատար լաստանավի մասշտաբային աղետից, ինչի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ: