ԵՄ-ն առաջիկա օրերին 60 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին ու Մոլդովային
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը մոտակա օրերին Վրաստանին ու Մոլդովային կհատկացնի 30-ական միլիոն եվրո՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման ապագա համաձայնագրերի կատարման հետ:
Այս մասին երեկ հայտնել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ-ը 2010-2013 թվականներին «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում նախագծերին ֆինանսավորելը մեծացրել է մինչև 2.5 միլիարդ եվրոյի:
Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել են նախորդ տարվա նոյեմբերի վերջին՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Համաձայնագրի վերջնական ստորագրումը պլանավորված է օգոստոս-սեպտեմբերին, թեև չի բացառվում, որ դա տեղի ունենա ավելի շուտ: