Էրդողանն ու Գյուլը քննարկել են առաջիկա նախագահական ընտրությունների հարցը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Ռեջեփ Էրդողանն անցկացրել են իրենց ամենշաբաթյա հանդիպումը: Այն երեկ երեկոյան անցկացվել է «Չանքայա» նախագահական նստավայրում:
Հանդիպումը տևել է 2 ժամ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են շաբաթվա իրադարձությունները: Նրանց ուշադրության կենտրոնում է գտնվել օգոստոսի 10-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հարցը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ իր քաղաքական ապագայի հետ կապված պլաններ չունի՝ ընդգծելով, որ հպարտ է, որ զբաղեցրել է երկրի բոլոր կարևոր պետական պաշտոնները (նախագահ, վարչապետ, արտգործնախարար):
Էրդողանը դեռ պաշտոնապես չի հայտարարել նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Թուրքիայի նախագահն այժմ ընտրվում է ոչ թե երկրի խորհրդարանի, այլ՝ ժողովրդի կողմից, ընդ որում՝ ոչ թե 7 տարի ժամկետով ու առանց վերընտրման իրավունքի, այլ՝ 5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ:
Դա նշանակում է, որ տեսականորեն Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել 2014-2024 թվականները, իսկ 2023 թվականին նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: