Ջեյմս Ափաթուրայը Վրաստանի նախագահին հրավիրել է Բրյուսել

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մայիսի 1-ին ընդունել է երկրում գտնվող Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովին առնչվող հարցեր, գնահատական են տվել եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը և տվյալ ուղղությամբ նրա իրականացրած բարեփոխումները:

Քննարկվել են նաև ուկրաինական զարգացումները: Ափաթուրայը հավանության է արժանացրել ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն զուգահեռ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ Վրաստանի փորձերը:

Ափաթուրայը ցանկություն է հայտնել, որ Վրաստանի նախագահը հետագայում այցելի Բրյուսել և հանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Տեսանյութեր

Լրահոս