Ապրիլին Իրաքում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլին Իրաքում ահաբեկիչների իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել է 1009 մարդ, որից 881-ը խաղաղ քաղաքացի է: Այս տվյալները պատկանում են Իրաքի ՆԳՆ-ին, ՊՆ-ին ու Առողջապահության նախարարությանը:
Սպանվածներից 52-ը ոստիկանության աշխատակիցներ են, իսկ 76-ը՝ զինծառայողներ: Ապրիլին Իրաքում վիրավորվել է 1375 մարդ: Ապրիլի 30-ին Իրաքում անվտանգության խիստ միջոցառումների ներքո անցկացվել են խորհրդարանական ընտրություններ:
Խոշոր քաղաքների մեծ մասի դեպքում մուտքը փակ է եղել ավտոմեքենաների համար: Չնայած դրան՝ Իրաքում ընտրությունների օրն իրականացվել են մի շարք ահաբեկչություններ, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ: Իրաքում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 60 տոկոս: