Ադրբեջանը կարող է բարձրացնել Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարցը. Արազ Ազիմով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնից Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարցը.

«Բաքվի համար աննկատ չեն մնացել պարոն Ուորլիքի հայտարարությունները, որոնց մասին մենք տեղեկանում ենք նաև այլ աղբյուրներից, այդ թվում նաև Վաշինգտոնից:

Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը, ինչպես հայտնի է, (Ղարաբաղյան) հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս անհաշտ դիրքերից:

Անգամ սոցցանցերում նրա գրառումների թեթև դիտարկման ժամանակ տեսանելի է, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ԱՄՆ-ի հայ, քան թե ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, պարոն Ուորլիքը, չգիտես ինչու, սիրով հարցազրույցներ է տալիս հայկական ԶԼՄ-ներին՝ դրա հետ մեկտեղ լռություն պահպանելով ադրբեջանցի լրագրողների պարագայում: Պարոն Ուորլիքն իրեն թույլ է տալիս յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում:

Ամերիկացի միջնորդի մի շարք արտահայտություններ ընդհանրապես կրում են սադրիչ բնույթ: Սադրանքից բացի, այլ կերպ չես անվանի Ղարաբաղյան հակամարտության էսկալացման հնարավորության մասին համանախագահի կողմից  լուրերի տարածումը:

Իսկ այն առաջարկը, թե Ղարաբաղյան հակամարտության համար ինչ դասեր պետք է քաղել Ուկրաինայի դեպքերից, ընդհանրապես չի դիմանում որևէ քննության: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել այն դիրքորոշման ու նպատակների մասին, որոնք հետապնդում է ամերիկացի համանախագահը

Վերոնշյալն ադրբեջանական կողմին տալիս է բոլոր հիմքերը՝ անվստահություն հայտնել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, հրաժարվել նրա հետ աշխատելուց և դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ համանախագահի պաշտոնից պարոն Ուորլիքին հետ կանչելու համար: Ուորլիքն ադրբեջանական կողմին չի թողել այլ ընտրություն»:

Տեսանյութեր

Լրահոս