Քանի դեռ Պուտինն իշխանության ղեկին է, հետխորհրդային և ոչ մի երկիր ապահովագրված չէ վտանգից. Փոլ Գոբլ

Ադրբեջանական Bizim yol պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Փոլ Գոբլն անդրադարձել է հետխորհրդային տիրույթում Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը.

«Պատահական չէ, որ Պուտինն այս իրավիճակում հիշեց Ղրիմի մասին: Դրան դրդեց օրեցօր վատթարացող Ռուսաստանի տնտեսական դրությունը: Այդպիսի իրավիճակում նա չուներ այլ ելք, քան՝ ժողովրդի հայրենասիրական զգացմունքների վրա խաղալը:

Այժմ բոլորը խոսում են ոչ թե տնտեսության, այլ Պուտին-փրկչի կողմից ժամանակին ռուսական հանդիսացած տարածքը վերադարձնելու մասին: Այդպես նա կարողացավ հաղթանակի դիմակի հետևում թաքցնել երկրի տնտեսական բարդությունները:

Պուտինը միաժամանակ ողջ հետխորհրդային երկրներին ցույց տվեց, որ նրանց պատիժ է սպասվում Արևմուտքի հետ չափազանց շատ մերձենալու համար: Այդպիսի պայմաններում նա, օգտվելով Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի անգործությունից, կարողացավ իրեն հայտարարել «Ռուսաստանի փրկիչ»:

Ազգայնականության ու այլատյացության հարցերում Պուտինը գերազանցեց անգամ նախկին ԽՍՀՄ-ի առաջնորդներին: Նա բաց հայտարարում է, որ չի ճանաչում միջազգային նորմերը:

Դրա համար էլ Արևմուտքը պետք է կարճ ժամանակահատվածում մոբիլիզացնի բոլոր ուժերը և պուտինյան ագրեսիայից պաշտպանի հետխորհրդային երկրներին: Հակառակ դեպքում աշխարհի կեսը կհայտնվի ագրեսորի իշխանության ներքո:

Պուտինն ունի բազմաթիվ նպատակներ: Ուկրաինական կամպանիան ավարտելուց հետո նա ոչ մեծ դադար կտա, կարծես թե, Արևմուտքի ստեղծած խնդիրների պատճառով նա կանգ է առել: Նրա քաղաքական գործունեությունը հիշեցնում է ամենօրյա չափաբաժնի կարիք ունեցող թմրամոլի ճիգեր:

Իսկ հերթական թիրախներն են Մերձդնեստրիեն ու Բալթյան երկրները: Նրա գլխավոր նպատակը ՆԱՏՕ-ին «կոտրելն» է: Եվ քանի դեռ Պուտինն իշխանության ղեկին է, հետխորհրդային և ոչ մի երկիր ապահովագրված չէ վտանգից:

Պուտինը Կրեմլի նախկին տերերի նման Ադրբեջանն ընկալում է որպես հարավկովկասյան մրցանակ: Եվ եթե ավելի վաղ արևմտամետ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար օգտագործվել է Հայաստանը, իսկ Վրաստան զորքեր են մտցվել, ապա այժմ կհետևեն ավելի կոշտ քայլեր:

Պուտինը կսկսի ֆինանսավորել էթնիկ փոքրամասնությունների բողոքները և Իլհամ Ալիևի կառավարությանը կխոստանա աջակցություն՝ Արևմուտքի հետ համագործակցությունից ամբողջովին հրաժարվելու դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս