Բազմաթիվ խախտումներ՝ Խոսրովի անտառում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը զբաղեցնում է 23.1 հազար հա տարածք, որի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը: Անցած տարի ՊՈԱԿ-ում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողությամբ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ և ապօրինի հողօգտագործման դեպքեր: Ներկայացնենք դրանցից մի քանիսը: Այսպես, պետական արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող տնտեսություն: Սակայն ՎՊ զեկույցում չի նշվում, թե կոնկրետ ով է այդ տնտեսության տերը:

Արգելոցի տարածքում են գտնվում 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված, վարձակալության տրված տնակը (մեղվանոց) և երկու քանդված շինությունները` ընդամենը 117քմ մակերեսով: Արարատի մարզպետարանի և գնորդի միջև մասնավորեցված շինությանը կից Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում գտնվող 0.7 հա հողատարածքի համար կնքվել է վարձակալության պայմանագիր, որը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի ստորաբաժանման կողմից ստացել է պետական գրանցում: Օրենքով արգելոցում արգելվում է բնական պրոցեսների զարգացման խախտման հետ կապված որևէ գործունեություն, և ՀՀ բնապահպանության նախարարությունը հայցով դիմել է դատարան` վարձակալության պայմանագրով տրամադրված 0.7 հա հողատարածքն արգելոցին վերադարձնելու պահանջով: Սակայն Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 15.09.2004թ. վճռով հայցը մերժվել է, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության վճռաբեկ բողոքից հետո` տնտեսվարողի, մարզպետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը պարտավորվել է մասնավորեցված շինության սպասարկման համար գնորդի օգտագործմանը թողնել արգելոցի 1375 քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Փաստացի օգտագործվող հողատարածքը կազմում է 3-4 հա, որը մի քանի անգամ գերազանցում է հաշտության համաձայնությամբ նախատեսված մակերեսը: Տարածքում կատարվել են ծառատնկումներ, հիմնվել է պտղատու այգի, որով խախտվել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:

Արգելոցի պահպանության ռեժիմը խախտում են նաև արգելոցի տարածքում գտնվող Գյոլայսոր և Գիլանլար կոչվող նախկին գյուղատեղերում ապրող բնակիչները՝ իրենց գյուղատնտեսական գործունեությամբ, տրանսպորտային միջոցների մուտք ու ելքով: Գիլանլարի տարածքում գոյություն ունի շուրջ 40 տնտեսություն (մոտ 150 մարդ), իսկ Գյոլայսորի տարածքում առկա է 10 տնտեսություն (մոտ 50 մարդ): ՎՊ-ն արձանագրել է, որ այս տարածքներում անվերահսկելի է ինչպես՝ բուսական, այնպես էլ՝ կենդանական աշխարհի պաշտպանությունը, իսկ պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների ապօրինի արածեցումն ու խոտհունձը: Այս պայմաններում արդյունավետ չի կարող լինել նաև պայքարը որսագողության և ձկնորսության դեմ:

2007թ. ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 118 հեկտար տարածքում ստեղծվել էր «Գիլան» պետական արգելավայրը, սակայն մի քանի ամիս անց, կրկին կառավարության որոշմամբ, թույլատրվել է «Գիլանի» հողամասերը կառուցապատման իրավունքով վարձակալության տրամադրել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որի կողմից իրականացվել են զբոսաշրջիկների հանգստյան տան, այցելուների կենտրոնի կառուցապատման աշխատանքներ: 4 տարի անց՝ 2011-ին, կրկին կառավարության որոշմամբ, ուժը կորցրած են ճանաչվել «Գիլան» պետական արգելավայրի ստեղծման հետ կապված բոլոր որոշումները, իսկ «Հովազաձոր» ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը չեղյալ համարելու և վարձակալության իրավունքից զրկելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը դիմել է դատարան: Դատական գործը դեռևս քննության ընթացքում է:

Ըստ ՎՊ զեկույցի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գառնի» տեղամասում առկա են նաև կիսաքանդ, ավերված վիճակում գտնվող շինություններ, որոնք անհրաժեշտ է ապամոնտաժել:

ՎՊ վերահսկողությամբ արձանագրվել է, որ 2013 թ. ապրիլին արգելոցի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրային տարածքներում կենդանական և բուսական աշխարհին հասցվել է էական վնաս, տեղի է ունեցել ձկնային պաշարների զանգվածային ոչնչացում: Փաստի վերաբերյալ նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին, սակայն քննության արդյունքում չի հիմնավորվել մարդկային գործոնի ազդեցությունը, որի հետևանքով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ: Թունավորման օջախի անմիջական տարածքում շահագործվում է Վեդու ՋՕԸ-ի ոռոգման պոմպակայանը, որով ոռոգվում էին Փոքր Վեդի գյուղի մշակովի հողերը: Այդ ջրանցքի ջրերով ոռոգումը ռիսկային է, քանի որ ջրանցք են լցվում հարակից Տափերական, Փոքր Վեդի և այլ համայնքների կոյուղաջրերը` մշտապես ջրանցքն աղտոտելով կենցաղային և արտադրական թափոններով և արտանետումներով: Վեդու ՋՕԸ -ի կողմից ոռոգման գործառույթն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության: Գործունեության արդյունքում ոռոգման ջրի տրամադրման համար բնակչությունից 120 հա հողատարածքի համար գանձվել է տարեկան շուրջ 7 մլն դրամ:

Վեդի քաղաքի տարածքում` Վեդի գետի վրա, դեռևս 2000թ. շահագործվող ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրբաժան պատնեշի շինությունը կառուցվել է բնապահպանական նորմերի խախտումով: Կառույցում չի գործում ձկնուղի, փակվել է ձկների սեզոնային միգրացիան Արաքս գետից դեպի Վեդի գետի Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող բնական ձվադրավայրեր: Արդյունքում՝ խոչընդոտվել է ձկների ձվադրությունն ու բազմացումը, որի հետևանքով վնաս է հասցվել կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացմանը: Սակայն առ այսօր համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել վերոհիշյալ շինությունը վերակառուցելու ուղղությամբ: ՎՊ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ջրբաժան պատնեշի շինության վերակառուցման և շահագործման փաստաթղթերը ներկայացնել փորձաքննության և կառույցը շահագործել համապատասխան վերակառուցման արդյունքում ձկնուղու առկայության պարագայում:

Գողթ համայնքում` Գեղարդ եկեղեցական վանական համալիրի հարևանությամբ, Ազատ գետի վրա կառուցված կամրջով` ամբողջությամբ ազատ է մուտքը դեպի «Խոսրովի անտառ» արգելոցի տարածք: Բազմաթիվ մարդկանց մուտքը դեպի արգելոցում գտնվող քարանձավներ, գետափնյա և այլ տարածքներ չի սահմանափակվում, որը հակասում է բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմին: Արդյունքում, ինչպես արգելոցում, այնպես էլ՝ պահպանման գոտու տարածքում, բազմաթիվ են կենցաղային և այլ թափոններով աղտոտման դեպքերը, սակայն համապատասխան պետական մարմինների և ՏԻՄ-երի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել:

Զեկույցի համաձայն՝ արգելոցի պահպանությունն իրականացնող աշխատակիցները բավարար հսկողություն չեն իրականացնում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, արգելոցի սահմաններին և մուտքերին տեղադրված չեն բավարար քանակով նշասյուներ և հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչներից յուրաքանչյուրի պահպանությանը հանձնված տարածքը կազմում է շուրջ 700 հա, նրանք լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական և տրանսպորտային միջոցներով, որի հետևանքով պահպանության գործընթացում դեռևս առկա են թերություններ և բացթողումներ: Արգելոցի տարածքում պահպանության ռեժիմի հիմնական խախտումներից են անասունների արածեցումն ու խոտհունձը:

Նախկինում իրականացված գիտական հետազոտությունների արդյունքները հիմք են հանդիսացել արգելոցի սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների 12 առաջարկությունների համար, որոնք ներկայացված են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 2010-2014 թթ. կառավարման պլանում:  Առաջարկվել է արգելոցին միացնել 5849.7 հա հողեր, որոնց միացումը կվերացնի սահմանների կտրտվածությունը՝ տարածքը դարձնելով էկոհամակարգերի ընդգրկման տեսակետից առավել ամբողջական: Սակայն կառավարման պլանի վերոհիշյալ առաջարկությունները համապատասխան մարմինների կողմից դեռևս չեն կատարվել:

2012թ. ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաստատված ակտերով անհատ ձեռներեցից պարտքով ձեռք է բերվել 9140 լիտր բենզին, որից միայն 5600 լիտրն է հետագայում վերադարձվել: Սակայն կողմերի միջև վերոնշյալ գործարքի հետ կապված պայմանագիր չի կնքվել, խախտվել է ՀՀ կառավարության որոշման պահանջը, ըստ որի՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն կարող վերցնել և տրամադրել վարկեր կամ փոխառություններ: Իրականացված գործարքը հակասում է գնումների գործընթացը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին:

Տեսանյութեր

Լրահոս