Քաղաքագետ. Որոշումները կայացնում է Ծառուկյանը` իր շահերից և պատկերացումներից ելնելով

Այսօր քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մեկնաբանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարություններն ու այն կապելով ԱԺ նախագահի ընտրություններում ԲՀԿ-ական պատգամավորների քվեարկության հետ: Ըստ քաղաքագետի` կարելի է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշ հարցերի շուրջ համաձայնության են եկել:

«Շարմազանովի հայտարարությունը կարծես թե որոշ բացահայտումներ է անում այդ համաձայնությունների բովանդակության մասին: Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը դառնում է ժառանգորդ, Հանրապետական կուսակցությունը մնում է «իշխող» մոտակա 10 տարում, Քոչարյանը չպետք է վերադառնա: Սերժ Սարգսյանը փուլառփուլ իշխանությունը հանձնում է Հանրապետականի կոլեկտիվ կառավարմանը: ԲՀԿ-ն պաշտպանում է սահմանադրության փոփոխությունը: Եթե դա այդպես չէ, ԲՀԿ-ն պետք է հստակ բացատրի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցելու դրդապատճառները»,- գրել է քաղաքագետը:

168.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԲՀԿ-ի շահը, եթե առաջիկա 10 տարուն իշխանությունը հանձնվելու է ՀՀԿ-ի կոլեկտիվ կառավարմանը, Ս. Դանիելյանը պատասխանեց, թե նախ՝ դա միայն ՀՀԿ-ի ցանկությունն է. «Եթե կարողանան, առաջիկա 100 տարում էլ ՀՀԿ-ինը կլինի իշխանությունը: Դա ուղղակի ցանկություն է՝ Հայաստանի իշխանությունը բռնազավթելու և իր օրինական տիրոջից` հանրությունից վերցնելու: Այդ հայտարարությունը հակասահմանադրական կոչ է: Այսինքն, օրինական երկրում դատական պրոցես կսկսվեր, և այդ կուսակցությունը կհեռացվեր քաղաքական դաշտից և արգելանք կդրվեր այդ կուսակցության վրա:

Եթե Թուրքիայի նման երկրներում լիներ, ապա կարող է այդ կուսակցության անդամներին 10 տարով զրկեին առհասարակ քաղաքականությամբ և հանրային կյանքով զբաղվել: Բայց քանի որ Հայաստանն օրինական երկիր չէ, ով ինչ ուզում է՝ հայտարարում է: Այդ հայտարարությունը հակասահմանադրական կոչ է: Եվ այդ հայտարարության հեղինակը պատահական մարդ չէ, ԱԺ-ի փոխնախագահ է և Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ի շահին, ապա քաղաքագետն ասաց. «Այստեղ կա Ծառուկյանի շահ, ԲՀԿ-ի շահ: ԲՀԿ-ի շահը ձևակերպված չէ, ինչպես ձևակերպված չէ հանրային շահը: Որոշումները կայացնում է Ծառուկյանը` իր շահերից և պատկերացումներից ելնելով: Այստեղ ամենակարևորն այն է, որ Շարմազանովի այդ հայտարարությունը հետևել է ԲՀԿ-ի` ԱԺ նախագահի ընտրությանն անսպասելի մասնակցությամբ: Այսինքն` կարելի է ենթադրել, որ դրանք իրար հետ կապ ունեցող իրադարձություններ են: Եթե այդ ենթադրությունն իրոք այդպես է, հաստատ կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի միջև որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Եթե դա այդպես չէ, ապա պարոն Ծառուկյանը պետք է հանրությանը և առաջին հերթին՝ իր կուսակցության անդամներին տա բացատրություն՝ այդ քայլի տրամաբանության վերաբերյալ: Քաղաքականության մեջ ամեն քայլի համար պետք է կրեն պատասխանատվություն: Ինչո՞ւ հանրությանը, որովհետև, եթե իրենք ունեն հանրության շահերը ներկայացնելու ցանկություն, ապա նաև հանրությանը պետք է իրենց յուրաքանչյուր քայլը բացատրեն և բաց լինեն քննադատության առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս