Թուրքիան երրորդ անգամ է երկարաձգում մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների մրցույթի վերջնաժամկետը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում որոշվել է երրորդ անգամ երկարաձգել մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ հայտարարված մրցույթի վերջնաժամկետը:
2013 թվականի սեպտեմբերին մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) գնման շուրջ անցկացված մրցույթի արդյունքներով հաղթել էր չինական China Precision Machinery Import-Export Corp. (CPMIEC) ընկերությունը:
Վերջինս Թուրքիային առաջարկել էր HQ-9 (FD-2000) համակարգ: Չինական առաջարկի գինը կազմել էր 3.44 միլիարդ դոլար: Սակայն չինական ընկերությունն ընդգրկված էր ԱՄՆ-ի «սև ցուցակում», և այդ ընտրությունից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա վերանայի մրցույթի արդյունքները:
Մրցույթին մասնակցել են նաև ամերիկյան, ռուսական ու ֆրանս-իտալական համատեղ ընկերոթյունները: Ավելի ուշ ռուսական կողմը հրաժարվեց շարունակել մրցույթին իր մասնակցությունը: Մրցույթի մնացյալ երեք մասնակցի համար երկրորդ անգամ որպես վերջնաժամկետ էր սահմանվել ապրիլի 30-ը, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ նորանոր առաջարկներով:
Սակայն դա տեղի չունեցավ և այժմ որոշվել է վերստին երկարաձգել դրա ժամկետը: Նոր վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի հունիսի 30-ը: Ընդգծվում է, որ ամերիկյան ընկերության առաջարկն ընդունելու դեպքում Թուրքիան պետք է վճարի 4.5 միլիարդ դոլար, իսկ ֆրանս-իտալական կոնսորցիումի դեպքում դա կազմում է 4.4 միլիարդ դոլար: