«Ինչքան շատ միացնեն իրար, այնքան ճիշտ կլինի»
Շրջանառվող լուրերը, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր գործող Պետական եկամուտների կոմիտեն անցնելու է Ֆինանսների նախարարության ենթակայության տակ, առայժմ չեն հերքվում:
Այդ հնարավոր փոփոխության վերաբերյալ գնահատականները տարբեր են: Բազմաթիվ հարկատուներ մեզ հետ զրույցներում երկու գերատեսչությունների հնարավոր վերակազմավորումը համարում են մտահոգիչ՝ կանխատեսելով, որ «կստեղծվի գերհզոր կառույց»: «Ֆինանսների նախարարությունը հարկային ոլորտում քաղաքականություն մշակողն է, իսկ ՊԵԿ-ը` իրականացնողը, և այս կառույցների տարանջատումը որոշակի հակակշիռ էր ստեղծում ու հավասարակշռություն ապահովում դաշտում: Այժմ միանձնյա իշխանություն է ստեղծվում»,- մեզ հետ զրույցում նշեց հարկատուներից մեկը: Տնտեսագետներից ոմանք, սակայն, կարծում են, որ այդ հնարավոր փոփոխությունը կարող է դրական հետևանքներ ունենալ:
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը հարկատուների մտահոգությունը չի կիսում և կարծում է, որ այդ վերակազմավորումը «շատ ճիշտ» կլինի.
«1998-99 թթ. մոդելն անցած բոլոր տարիների ընթացքում լավագույնն էր, երբ հարկայինը և մաքսայինը եղել են ինքնուրույն, բայց ֆինանսների նախարարի ենթակայության տակ:
Այդ դեպքում միասնական բյուջետային քաղաքականություն կարելի է իրականացնել, ներքին գերատեսչական շահերի բախումներ չեն լինի, և շատ ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն կարելի է իրականացնել, որովհետև Ֆինանսների նախարարությունը, երբ զրկված է ընթացիկ տեղեկատվությունից հարկային եկամուտների գծով, ճիշտ և ժամանակին չի կարող հարկային բարեփոխումների ընթացքում ադեկվատ քայլեր անել: Հարկային քաղաքականությունն, այնուամենայնիվ, մնում է Ֆինանսների նախարարությանը, բայց այն չունի ճիշտ ժամանակին տեղեկացված լինելու հնարավորություն, կտրված է հարկային եկամուտներից և հարկային քաղաքականության առումով չի կարող լինել արդյունավետ: Ու միայն այս պատճառով չի կարող արդյունավետ քաղաքականություն իրականացնել»:
Է.Սանդոյանը բերեց Ղազախստանի օրինակը, որտեղ այլ մոտեցում է՝ բյուջետային պլանավորումն իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը, և կառույցն այդպես էլ կոչվում է՝ Բյուջետային պլանավորման և էկոնոմոկիայի նախարարություն. «Մեր պայմանների համար իդեալական կլինի, եթե հարկային ու մաքսային ծառայությունները լինեն կա՛մ Ֆինանսների նախարարության, կա՛մ նախարարի ուղղակի ենթակայության տակ: Այդ դեպքում նրանք կարող են լինել ինքնուրույն գերատեսչություններ, օրինակ՝ Գիտության պետական կոմիտեն այսօր ԿԳՆ-ին առընթեր է»:
Մեր դիտարկմանը, որ այդ գաղափարի հակառակորդները պնդում են, թե երբ քաղաքականություն մշակողն ու իրականացնողը տարբեր են լինում, ոլորտը շահում է, Է.Սանդոյանը պատասխանեց. «Կա նման մոտեցում, բայց այս դեպքում քաղաքականություն մշակողը կառավարությունն է, և այդ տրամաբանությամբ ՊԵԿ-ը պետք է կառավարության ենթակայությունից հանել:
Բայց եթե կառավարության կազմում եք պահպանում, որին ես կողմնակից եմ, որովհետև, ի վերջո, գաղտնիք չէ, որ ոչ ԱՄՆ ենք, ոչ էլ ՌԴ, փոքր երկիր ենք և, այդպես կոչված, անկախ տեսչություններն ու գործակալություններն ընդամենը թույլ կարգավիճակով կառույցներ են դառնում, իսկ որպեսզի լիարժեք լինեն և իրենց գործառույթները կարողանան լիարժեք իրականացնել, պետք է լինեն կառավարության կազմում: Իսկ այս դեպքում Ֆիննախարարությունը հարկային եկամուտների իրականացման ուղղակի տերը պետք է լինի»:
Է.Սանդոյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում մի լրջագույն հիվանդություն ենք ունեցել, որի մասին քիչ է խոսվում. ամեն անգամ պետբյուջեի նախագիծը քննարկելիս` քննարկվում են ծախսերը, իսկ եկամուտներն իրենց բացվածքով, կառուցվածքով, ըստ հարկատեսակների, դրանց կանխատեսումներով, հաշվարկներով ոչ մի անգամ լիարժեք չի քննարկվել, և միշտ քննարկվում է դեռևս չձևավորված եկամուտների բաժանումը: Ըստ նրա՝ շատ ավելի գրագետ և արդյունավետ կլինի, եթե ՊԵԿ-ը լինի Ֆիննախարարության ենթակայության ներքո, որն ամբողջ տարվա ընթացքում մոնիտորինգ, ճշգրիտ հետազոտություններ կանի ժամանակակից մեթոդներով, և այդ դեպքում հաջորդ տարի կունենանք արդյունավետ բյուջետային քաղաքականություն:
«Ինչ խոսք, եթե մենք կարողանանք նման արդյունավետ պետական ապարատ ունենալ, որ քաղաքականություն մշակողն ու վարչարարություն իրականացնողը տարանջատված լինեն, լավ կլինի, բայց 22 տարվա փորձը ցույց տվեց, որ դա մեզ չի հաջողվել:
Այլապես ստացվում է, որ պլանավորվում է մի ծայրահեղ մեծածավալ եկամուտների ցուցանիշ, հետո ՊԵԿ-ը տաժանակիր աշխատանքների արդյունքում կարողանում է հավաքագրել այդ միջոցները և ոչ միշտ` հիմնավորված պլանների շրջանակում: Մի խոսքով՝ ես կողմնակից եմ նման կառուցվածքային փոփոխություններին, եթե դրանք լինեն,- ասաց Է.Սանդոյանը՝ հավելելով, որ ընդհանրապես կոնսոլիդացիան ՀՀ-ի տիպի երկրների համար ճիշտ ուղղություն է, և այսօրվա քանակությամբ գերատեսչությունների ու նախարարությունների կարիք չկա,- Մեր տնտեսությունն ու դրա տարողունակությունը և պետական ապարատի այդ ծանր նմանակումը անհամամասնական են: Սա իմիտացիա է, մեծ երկրի կառավարության կառուցվածքի իմիտացիա: Այնպես որ, ինչքան շատ միացնեն իրար, այնքան ճիշտ կլինի»: