Գալուստ Սահակյանը կփակի ԱԺ-ն

Ազգային ժողովի նախագահ դարձավ Գալուստ Սահակյանը: Նա, ինչպես գրում է մամուլը և ինչպես ցույց է տվել կյանքը, համարվում է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը: Հենց Հովիկ Աբրահամյանին է պարտական Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու համար: Ոչ միայն այն պատճառով, որ, եթե Հովիկ Աբրահամյանը երազեր ոչ թե վարչապետ, այլ տիեզերագնաց դառնալ, Գալուստ Սահակյանի համար այդ տեղը չէր բացվի, այլ որովհետև՝ հենց Հովիկ Աբրահամյանն է ամեն ինչ արել, որպեսզի ԱԺ նախագահի թեկնածու դառնա հենց Գալուստ Սահակյանը, և ոչ թե, ասենք, Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ի՞նչ է լինելու Ազգային ժողովի հետ՝ Գալուստ Սահակյանի նախագահությամբ: Խոսքը խորհրդարանում սպասվող բերկրանքի ու ծիծաղի անմոռանալի պահերի մասին չէ, որ Գալուստ Սահակյանի կերպարը խոստանում է ապահովել: Խոսքն առաջին հերթին՝ Ազգային ժողովի դերակատարության մասին է՝ որպես օրենսդիր մարմին, որպես իշխանության թևերից մեկը ու ամենակարևորը՝ որպես իշխանության մյուս թևերի հակակշիռ: Իհարկե, խորհրդարանը երբեք էլ չի փայլել իր բարձր դերով ու որոշումների կայացման գործընթացի վրա ունեցած ազդեցությամբ: Այն, որպես կանոն, եղել է կառավարության որոշումները դակող մարմին:

Սակայն Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ ԱԺ-կառավարություն հարաբերություններում որոշակի կնճիռներ առաջացան, ինչը, թեև հազվադեպ, բայց արտահայտվում էր նաև օրենսդրական աշխատանքում, կառավարության ներկայացրած տարբեր նախագծերի քննարկման ժամանակ: Դա, իհարկե, պայմանավորված էր ոչ թե պառլամենտարիզմի հանդեպ Հովիկ Աբրահամյանի անհագուրդ սիրով, այլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ նույնքան անհագուրդ ատելությամբ ու նրա տեղը զբաղեցնելու մոլուցքով:

Բայց, անկախ դրդապատճառներից, այդ հակասությունը որոշակի դրական ազդեցություն ունենում էր ԱԺ-կառավարություն հարաբերություններում և գոնե արտաքուստ վերջին շրջանում խորհրդարանը որոշակի ինքնուրույնություն էր ձեռք բերել: Հասկանալի է, այն շրջանակներում, որքանով կարող էր թույլատրված լինել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Հիմա, սակայն, նույն այդ շրջանակներում Ազգային ժողովը՝ դերակատարության ու կառավարությանը հակակշռելու իմաստով, հավասարվելու է զրոյի:

Նախկինում ԱԺ-ի կողմից կառավարության հանդեպ ցույց տրվող որոշակի դիմադրությունը, հնչող քննադությունը, որպես կանոն, նախաձեռնվում էր հենց Հովիկ Աբրահամյանի կողմից, ով այս կամ այն հարցի քննարկման ժամանակ անձամբ էր քննադատում կառավարության ներկայացուցիչներին՝ այդպիսով կանաչ լույս վառելով իր ազդեցության տակ գտնվող ՀՀԿ-ական և ոչ միայն՝ ՀՀԿ-ական պատգամավորի համար: Բավական է միայն հիշել Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ժամանակ Հովիկ Աբրահամյանի անմիջական մասնակցությամբ ու անթաքույց աջակցությամբ տեղի ունեցածը:

Հովիկ Աբրահամյանն, իհարկե, ֆորմալ առումով՝ անխոցելի ալիբի ունի՝ նա ԱԺ նախագահ դառնալու օրվանից հայտարարել էր, թե իր ամենամեծ առաքելությունը խորհրդարանի դերի բարձրացումն է: Այսինքն՝ նա միշտ կարող է ասել, որ կառավարության դեմ պայքարում էր ոչ թե՝ սեփական պաշտոնը, այլ՝ Ազգային ժողովի դերը բարձրացնելու նպատակով:

Հիմա ԱԺ նախագահ է Գալուստ Սահակյանը, ով, ինչպես նշեցինք, ոչ միայն պարտական է Հովիկ Աբրահամյանին, այլ նաև ներկուսակցական ֆրակցիոնիզմի դաշտում Հովիկ Աբրահամյանի նվիրյալ թիմակիցն է: Ու ամենակարևորը՝ ԱԺ նախագահի պաշտոնը Գալուստ Սահակյանի համար քաղաքական կարիերայի բարձրակետն է: Հասկանալի է, որ Գալուստ Սահակյանը նույնիսկ սեփական մտքում չի կարող երևակայել վարչապետ կամ նախագահ դառնալու մասին: Իսկ այդ դեպքում նրան մնում է ընդամենը վայելել ԱԺ նախագահի բարձր պաշտոնը:

Ի՞նչ իմաստ ունի հակադրվել կառավարությանը, եթե կառավարության ղեկավարի շնորհիվ՝ դարձել ես երկրի երկրորդ դեմքը, ու, բացի այդ, վայելման չափն ու ճոխությունը կարող է ուղղակիորեն կախված լինել կառավարության ներկայացրած օրենքները դակելու արագությունից: Եվ եթե նախկինում՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Գալուստ Սահակյանը դա իրականացնելու համար ՀՀԿ-ական պատգամավորներին մոբիլիզացնում էր 20 րոպեում, ապա հիմա նրանց ներկայությունն ԱԺ-ում կապահովի քվեարկության նախորդ օրվանից:

Բացի այդ՝ քաղաքական մոտիվացիաների բացակայությունը, Գալուստ Սահակյանի ղեկավարած ԱԺ-ի կողմից Հովիկ Աբրահամյանի կառավարությանը դիմակայություն ցույց տալը «ճիշտ» չի լինի նաև մարդկային, տղամարդկային հարթությունում: Իսկ Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահի խոսափողից հնչած առաջին նախադասությունը եղել է այն մասին, որ ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Գալուստ Սահակյանը, հասկանալի է, ԱԺ նախագահի պաշտոնում է հայտնվել ճշմարտություն «բժշկելու» նպատակով: Իսկ դրա սպեղանին տվյալ համատեքստում կառավարությանն ավելորդ անհարմարություններ չպատճառելն է:

Մի խոսքով, Գալուստ Սահակյանի ամենամեծ առաքելությունն ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի ու նրա կառավարության հասցեին քննադատությունը, դիմակայությունը նվազագույնի հասցնելն է: Այսինքն՝ ԱԺ-ի առանց այն էլ խարխուլ դերի զրոյացումը: Հատկապես, որ այդ հարցում նրան կօգնեն ոչ միայն ՀՀԿ-ական, այլ նաև ԲՀԿ-ական պատգամավորները, վերջիններիս միջոցով՝ նաև ՀԱԿ անդամների մի մասը: Դաշնակցությունն էլ արդեն իսկ հասցրել է մի քանի անգամ ողջունել Հովիկ Աբրահամյանի զանազան նախաձեռնություններ: Այլ կերպ ասած՝ Գալուստ Սահակյանը կփակի ԱԺ-ն: Ոչ թե ֆիզիկապես, այլ բովանդակային առումով, բնականաբար:

Տեսանյութեր

Լրահոս