ԱՄՆ իրավապահները հետաքրքրվում են նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանով. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. «Միացյալ Նահանգների իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, և նյութեր են հավաքվում ԱՄՆ-ում նրա գործունեության, մասնավորապես Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությանը մասնակցության վերաբերյալ:
Այս տեղեկությունն ստացանք ամերիկյան հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրից: Նախկին դատավորը մասնակցում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությանը՝ որպես արդարադատության նախարար:
Ամերիկյան հետաքննիչներին կասկածելի է թվացել Սուրիկ Ղազարյանի ելույթը Գլենդելի կաբելային հեռուստատեսություններից մեկով: Նախկին հայ դատավորն այդ ելույթում ասել է, որ իրենց կազմակերպությունն ընդամենը 40 դոլարով Արևմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր է տալիս, և որ այդ փաստաթղթով հայերը, երբ ցանկանան, կարող են այցելել իրենց պատմական հայրենիք: ԱՄՆ քաղաքացիներից մեկի հավաստմամբ, այդ հաղորդումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և այս մասին գրել է նաև «Հրապարակը»:
Այդ հրապարակումից մի քանի օր անց մենք նամակ ստացանք Լոնդոնում տեղակայված Ռուսաստանի և Կովկասյան հարցերով խորհրդատվական կենտրոնից, որի ղեկավարը՝ ոմն Օստին Պիտ, խնդրում էր մեզ տվյալներ տրամադրել անձնագրեր բաժանող այս ընկերության մասին, ինչպես նաև նախկին հայ դատավոր Սուրիկ Ղազարյանի մասնակցության վերաբերյալ Ամստերդամում ընթացող «ՅՈՒԿՕՍ»-ն ընդդեմ «Ռոսնեֆտ»-ի դատական վեճին:
Ինչպես հայտնի է, Սուրիկ Ղազարյանն այդ դատի ժամանակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ Հայաստանում ազատվել է աշխատանքից ճնշումների ներքո, ի վնաս ռուսական ընկերության ցուցմունքներ տալու պատճառով: Բազմիցս գրվել է նաև, որ այդ ընթացքում ամերիկյան պետությունն ապահովել է ԱՄՆ-ում մեր հայրենակցի անվտանգությունը, նրան բնակարան և թիկնապահներ տրամադրելով»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։