Կրեմլի համար Քոչարյանն այլևս հետաքրքիր չէ, նա հեռացել է Օլիմպոսից. Մարկեդոնով. «Ժամանակ»

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունյակագիր Սերգեյ Մարկեդոնովը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ ի սկզբանե Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը տնտեսական իմաստ չուներ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի համար, դա քաղաքական սիմվոլի նշանակության հարց էր:

«Պարզապես, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, այլ հարց է, որ կան զուտ տնտեսական մի շարք դիրքեր, որոնք Հայաստանը կցանկանար պահպանել ՄՄ-ում. խոսքը մաքսային տարիֆների մասին է, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում»,- գրում է թերթը:

«Ես կարծում եմ՝ եթե հաջողվի այս ամենի շուրջ համաձայնության գալ, պայմանավորվել հատուկ կարգավիճակների շուրջ, ինչու ոչ, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ Վահրամ Ավանեսյանի հայտարարությունը, իհարկե, համաձայնեցված էր Մոսկվայի հետ, իսկ ինչպե՞ս: Իհարկե, ամեն ստորակետ Մոսկվայի հետ չի համաձայնեցվում, սակայն ընդհանուր և գլխավոր հարցերում կա այդ համաձայնեցվածությունը:

Այսօր կարելի է ասել, որ այդ բանակցային փուլը և օպտիմալ կարգավիճակի փնտրտուքի փուլն ավարտված չէ»,- «Ժամանակին» ասել է Մարկեդոնովը: «Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վերադասավորումներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատական հարցազրույցներին, քաղաքականություն նրա հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին՝ նա ասաց, որ ընդհանրապես Կրեմլի համար կարևոր չէ, թե ով, ինչ ազգանուն կդառնա Սերժ Սարգսյանի ժառանգորդը:

Նա, Մարկեդոնովի կարծիքով, պարզապես չպետք է դուրս գա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս օրակարգից և ձևաչափից, անակնկալներ չմատուցի Կրեմլին. Սա է հիմնական պարտադիր կետը, իսկ ազգանունը Կրեմլին այնքան էլ հետաքրքիր չէ, կարևորը հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունն է: «Ռոբերտ Քոչարյանը տեսականորեն կարող է լինել Կրեմլի համար նախընտրելի թեկնածու, բայց սկզբունքորեն ես չեմ կարծում, թե այդ թեկնածությունը նսեմացնում է մյուս բոլոր խաղացողներին:

Նա արդեն մեկն է, ով հեռացել է քաղաքական Օլիմպոսից և քաղաքականությունից ընդհանրապես, իսկ Կրեմլին ընդհանրապես հետաքրքիր է և առավել շահավետ աջակցել նրան, ով Օլիմպոսում է հիմա, այլ ոչ թե նա, ով երբևէ հեռացել է: Կրեմլը սովորաբար հենց այդպես էլ վարվում է»,- մեկնաբանեց Սերգեյ Մարկեդոնովը»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս