
ԱՄՆ-ը համաձայն չէ, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցություններն ավարտվել են ձախողմամբ. Փսակի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը խոստովանում է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը վերստին լրջորեն կանգ է առել, սակայն համաձայն չէ նրա հետ, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև ներկայիս բանակցություններն ավարտվել են ձախողմամբ:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Նա ներկայիս իրավիճակը որակել է որպես «անցումային պահ» և «սպասումների ժամանակաշրջան»:
Փսակիի խոսքերով` մերձավորարևելյան գործընթացում ներկայումս վրա է հասել այնպիսի փուլ, երբ հարկադրված դադար է տիրել, և հակամարտող կողմեր իսրայելցիներին ու պաղեստինացիներին անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է պետք անել հետագայում.
«Նրանք պետք է որոշումներ ընդունեն դեպի խաղաղություն ընթանալու մասին: Չնայած բանակցությունների դադարին` գործընթացը շարունակվում է»: Փսակիի խոսքերից կարելի է եզրակացնել, որ Օբամայի վարչակազմը դժգոհ է երկու կողմից էլ: