ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգանում է հաջողությամբ. Ադրբեջանի ՊՆ
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը զարգանում է հաջողությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգյահլըն:
Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ուղղություններն են դասընթացների կազմակերպումը և երկրի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելը.
«Բացի այդ, Բրյուսելում ու Բաքվում ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի հետ անցկացվում են «28+1» ձևաչափով հանդիպումներ: Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում 2014 թվականին մասնակցելու են ՆԱՏՕ-ի 90 միջոցառման:
Ակնկալվում է, որ դրանց կմասնակցի 900 ադրբեջանցի զինծառայող: Մայիսի 5-8-ին Բաքվում կանցկացվի ՆԱՏՕ-ի գնահատող առաքելության երկրորդ աստիճանի վարժանքը: Բացի այդ, դեպի Աֆղանստան ոչ ռազմական բեռների 40 տոկոսն ուղարկվում է Ադրբեջանի տարածքով»: