
Քառյակի օրակարգում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարց չկա

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համատեղ դռնփակ նիստը: Նիստի ավարտից հետո ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասաց, որ քառյակը պայմանավորվել է շարունակել համատեղ գործել և հանդես են գալու համատեղ նախաձեռնություններով, այդ թվում՝ ԱԺ-ում օրինագծեր ներկայացնելու միջոցով, ինչպես նաև հանդիպումներ ու հանրահավաքներ կազմակերպելով:
Հարցին, թե առաջիկայում նման հանարահավաք նախատեսվա՞ծ է, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե հստակ հայտնի չէ, բայց հնարավոր է ապրիլ ամսվա ընթացքում տեղի ունենա նման հանրահավաք:
Հարցին, թե ինչպե՞ս է քառյակը քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին, կա՞միասնական դիրքորոշում, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե երբ ծրագիրը ներկայացվի՝ այդ ժամանակ էլ որում կլինի:
Ամենահետաքրքիրն այն հարցին պատասխանն էր, թե արդյոք քառյակի օրակարգում կա՞ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խնդիրը: Ս. Մարգարյանն ասաց, թե նման հարց քառյակի օրակարգում չկա, որովհետև ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու մեխանիզմը չափազանց բարդ է:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ilur.am-ին տված հարցազրույցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե քառյակի խնդիրը պետք է լինի ՀՀ կառավարության ծրագիրը մերժելով ԱԺ արտահերթ ընտրությունների հասնել: Այսինքն՝ մեխանիզմը, թե ինչպես կարելի է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների, Լ. Տեր-Պետրոսյանը հուշել է: