ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Պրահայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը.
«Մենք նախկինի նման տրամադրված ենք (Ուկրաինայի) նախագահական ընտրություններից հետո հնարավորինս շուտ Ասոցացման համաձայնագրի մնացյալ (տնտեսական) բաժինների ստորագրմանը»:
Ֆյուլեն հաստատել է ԵՄ-ի Խորհրդի որոշումն այն մասին, որ Ասոցացման համաձայնագիրը՝ ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը, չեն հանդիսանում Ուկրաինայի հետ ԵՄ-ի համագործակցության վերջնական նպատակը:
Խոսելով Ուկրաինայի իրադարձությունների մասին՝ Ֆյուլեն դրանք որակել է որպես «1945 թվականից հետո ամենալուրջ ճգնաժամ». «Ուկրաինայի ժողովուրդը, նրա անկախությունն ու ինքնիշխանությունը չպետք է դառնան աշխարհաքաղաքական խաղերի զոհը՝ զրոյական արդյունքով:
21-րդ դարում չեն վարում նման քաղաքականություն (նկատի ունի ՌԴ-ի կողմից Ղրիմի բռնակցումը): Դրա համար չէ, որ ստեղծվել է Արևելյան գործընկերությունը: Մենք մշտապես հանդես ենք գալու նրանց օգտին, որոնց վրա գործադրվում է չափազանց մեծ ճնշում: Եկել է Արևելյան գործընկերությանն ավելի ուժեղ և վճռական հավատարմություն ցուցաբերելու ժամանակը»: