
Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ուկրաինայի սահմանի մոտ. Սերգեյ Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ այսօր Ուկրաինային սահմանամերձ շրջաններում մեկնարկել են գումարտակային մարտավարական խմբերի զորավարժությունները: Շոյգուն մանրամասնել է, որ այդ խմբերը ներկայացնում են Արևմտյան ու Հարավային ռազմական օկրուգները:
Շոյգուի խոսքերով՝ ռուսական ավիացիան թռիչքներ է իրագործելու պետական սահմանի մոտ: Շոյգուն սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելու մասին որոշումը բացատրել է նրանով, որ Մոսկվան հարկադրված է արձագանքել Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի զարգացմանը, ուր խաղաղ բնկաչության դեմ գործում են Ազգային գվարդիայի ստորաբաժանումները, ինչպես նաև «Աջ սեկտորի» ծայրահեղականների գումարտակները:
Նախարարն ընդգծել է, որ իրենց տվյալներով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ինքնապաշտպանական ջոկատներում հաշվվում է 2000-ից քիչ ավելի մարդ, որոնք ունեն մոտ 100 միավոր ավտոմատ զենք, ինչը հիմնականում խլվել է ոստիկանության բաժանմունքներից ու Անվտանգության ծառայություններից:
Շոյգուն նշել է, որ նրանց դեմ գործում է ավելի քան 11.000 հոգանոց ուկրաինական զորամիավորումը՝ ամբողջովին զինված ավտոմատ զենքով: Բացի այդ, օպերացիայում ներգրավված է մոտ 160 տանկ, ավելի քան 230 հետևակի մարտական մեքենա ու զրահատրանսպորտ, առնվազն 150 հրանոթ ու ականանետ, մեծ քանակությամբ ավիացիա: