Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «անպայման» բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մերժել էր Հ. Ալումյանի բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով կասեցվել էր փաստաբանի բողոքների քննությունը մինչև քրեական գործի բոլոր նյութերի տրամադրումը դատարանին:

Հայկ Ալումյանն ասաց, որ իր բողոքների քննությունը չէր կարող կասեցվել, որի հետ, ըստ նրա՝ համաձայն էին նաև գործով քննիչն ու դատախազը: Փաստաբանի խոսքով՝ իր բողոքների քննությունը կասեցնելու որոշումն օրենքով նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ Հ. Ալումյանը առաջին ատյանի դատարան էր բողոքարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը. նախաքննական մարմինը գտել էր, որ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողությունները համապատասխանում են անհարժեշտ պաշտպանության հատկանիշներին:

Հ. Ալումյանը բողոքարկել էր նաև որոշումը, համաձայն որի՝ 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ է կատարել, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր մահվան պատճառով: Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս