Ինչպես և ինչու Լևոն Տեր-Պետրոսյանի 30 հազարը դարձավ 200

Այս էլ երկրորդ տարին անընդմեջ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում Սարյանի պուրակից դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ ՀԱԿԿ-ի կողմից կազմակերպվող երթին: Պատճառաբանությունը նույնն է`Լևոն Տեր-Պետրոսյանը վատառողջ է` նա հիվանդ է գրիպով:

Բացառված չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես գրիպ է, բայց բոլորի համար էլ պարզ է, որ մեծ ցանկության դեպքում նա կարող էր թեկուզ շատ կարճ ժամանակով միանալ երթին, ինչպես դա արեց տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Հնարավոր է նաև, որ ՀԱԿԿ կազմակերպած երթին չմասնակցելու համար Տեր-Պետրոսյանն ուներ ավելի հիմնավոր պատճառ: Եվ դա երթի սակավամարդությունն էր:

Սարյանի պուրակում հավաքվածների թիվը կլիներ հազիվ 200 մարդ: Իսկ միանալ 200 հոգանոց երթին Տեր-Պետրոսյանի համար իսկական խայտառակություն կլիներ: Ուրիշ բան, եթե երթին մասնակցեր մի քանի հազար մարդ. այդ դեպքում կարելի էր անտեսել և՛ վատառողջությունը, և՛ գրիպը:

Այն, որ Տեր-Պետրոսյանի համար բազմության քանակը կարևոր գործոն է եղել, և նա միշտ հպարտացել է հավաքված բազմության քանակով, հայտնի փաստ է: Վերջին անգամ նա այդ մասին խոսել է ընդամենը 15 օր առաջ տված հարցազրույցում: «Եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել»,-իր հարցազրույցում ասել է Տեր-Պետրոսյանը: Այս թվաբանությունը նա ներկայացրել է՝ համոզելու համար քառյակի ներկայացուցիչներին, որ պետք չէ խաղերի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ և մաս կազմել նրա կողմից ձևավորվող նոր կառավարությանը, այլ ընդհակառակը՝ շարունակել պայքարը, քանի որ հաղթանակի հասնելու համար կան բոլոր հնարավորությունները:

Մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքն իսկապես բազմամարդ էր, բայց կազմակերպիչների մասով Տեր-Պետրոսյանն այնքան էլ անկեղծ չէ: Այդ հանրահավաքի կազմակերպիչը ոչ միայն ՀԱԿ-ն էր, այլ նաև ԲՀԿ-ն՝ գոնե ֆինանսական մասով: Դրա մասին ԲՀԿ-ականները խոսում են ակնարկներով, հասկացնելով, որ ՀԱԿ-ն իրենց ենթակա կառույց է: Չնայած Տեր-Պետրոսյանի զգուշացումներին, ԲՀԿ-ն կարծես արդեն խաղերի մեջ է մտել իշխանության հետ, և առաջիկայում սպասվում է, որ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկը կնշանակվի Սպորտի և երիտասարդության նախարար:

Տեր-Պետրոսյանն իր նույն հարցազրույցում առաջարկում է, որ ընդդիմությունը չհրաժարվի շուրջօրյա հանրահավաքների ծրագրից և դրանց միջոցով բարձրացնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կամ վիժեցնի կառավարության ծրագրի հաստատումը: ԲՀԿ-ականների համար Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն արգելված թեմա է`տաբու, իսկ վիժեցնել մի կառավարության ծրագրի ընդունում, որտեղ ներկայացուցիչ ունես, ուղղակի անհեթեթ է:

Այնպես որ, այսօրվա միջոցառումը ցույց տվեց, որ առանց ԲՀԿ աջակցության՝ ՀԱԿ-ը կարող է հավաքել, լավագույն դեպքում, մի քանի հարյուր մարդ: Սրանից կարելի է հետևություն անել, որ Տեր-Պետրոսյանի կողմից գրիպով հիվանդանալը կարող էր ունենալ ավելի շատ օբյեկտիվ`երթի մասնակիցների սակավամարդությամբ պայմանավորված պատճառներ:

ԲՀԿ-ն իր պահվածքով ցույց տվեց, որ մի հարցում է Տեր-Պետրոսյանն իսկապես ճիշտ. իրենք կարող են 30 հազարը եռապատկել, բայց կարող են նաև այն բաժանել 150-ի:

Տեսանյութեր

Լրահոս