Մարգվելաշվիլին հանդիպել է Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ընդունել է երկրում գտնվող Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին ու Լորան Ֆաբիուսին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հարցը, այդ թվում նաև Ասոցացման համաձայնագրի ստորագրման ու գործողությունների պլանի տրամադրման հարցերը:
Բացի այդ, հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանի անվտանգության հարցը, և հատկապես Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը:
Մարգվելաշվիլիից առաջ Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով վստահություն է հայտնել, որ նրանց համատեղ այցը հանդիսանում է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ձգտումներին ամուր աջակցության ակնհայտ ցուցաբերում:
Փանջիկիձեի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունն ու ժողովուրդը բարձր են գնահատում երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն ցուցաբերելը: