
Թուրքիան ցայժմ չի առերեսվել 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկի հետ. BDP

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) հայտարարություն է տարածել՝ կապված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հետ.
«Այսօր մարդկության պատմության ամենամեծ աղետներից մեկը հանդիսացող 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է: Սրանից ուղիղ 99 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, հայ մտավորականների աքսորով սկսվեց 20-րդ դարի մեծագույն ցեղասպանություններից մեկը:
Հայ ժողովուրդը տվյալ ժամանակ իշխող «Իթթիհաթ վե Թերաքիի» (Միություն ու առաջադիմություն) կառավարության մութ քաղաքականության պատճառով վերապրեց մեծ ցավեր:
Ցեղասպանության այդ ցավը ցայժմ շարունակվում է՝ խոր վերքեր թողնելով թե՛ եղբայարական ժողովուրդների, թե՛ միջազգային հանրության խղճի վրա: Ցեղասպանության պատճառած վնասն ու ցավերը պետք է պահել բոլորի հիշողության մեջ, քանի որ Թուրքիան ցայժմ չի առերեսվել 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկի հետ, չի լուծել իր պատմության հետ կապված խնդիրները և ցեղասպնության իրողությունն ընդունելով` ներողություն չի խնդրել Հայ ժողովրդից»:
ԽԺԿ-ը հիշեցրել է, որ 1915 թվականի դեպքերին Թուրքիայում հաջորդել են նմանատիպ այլ դեպքեր, որոնք տեղի են ունենում նաև ներկայումս՝ Դերսիմի, Աղրըի (Արարատ), Մարաշի, Չորումի, Սըվազի ու Ռոբոսկիի (Ուլուդերե) սպանդերը: