«Անակնկալ», «պատմական քայլ», «քաղաքական երկրաշարժ», «աննախադեպ իրադարձություն». Էրդողանի ուղերձի արձագանքներն օտար մամուլում

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երեկվա ուղերձը լայն տարածում է գտել օտար մամուլում, ինչը մասնավորապես վերաբերվում է ամերիկյան մամուլին:

Associated Press լրատվական գործակալությունն Էրդողանի այդ ուղերձը որակել է որպես «աննախադեպ քայլ», իսկ Washington Post թերթը հիշեցրել է, որ Թուրքիայում տարիներ շարունակ շատ քիչ է խոսվել Հայոց ցեղասպանության մասին, և այդ տեսանկյունից արժեքավոր է համարվում Էրդողանի հայտարարությունը:

Թերթն ուշադրություն է հրավիրել նաև նրա վրա, որ այդ հայտարությունը թարգմանվել է 9 լեզվով՝ ներառյալ հայերենը, ինչը վկայում է, որ Թուրքիան դրանով իսկ ձգտում է էական արդյունքի հասնել այդ հարցում: Թերթն ընդգծում է, որ Էրդողանի այդ հայտարարությունը կարող է կարևոր քայլ հանդիսանալ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում և սկիզբ դնել պատմական աղետի շուրջ երկխոսությանը:

Los Angeles Times թերթն իր հերթին հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայում դեռ շարունակում են հերքել դրա եղելությունը և չնայած դրան՝ Էրդողանը 99-րդ տարելիցի նախօրեին ցավակցեց ցեղասպանության ժամանակ սպանված հայերի թոռներին: Թերթը նույնպես ուշադրություն էր դարձրել նրան, որ Էրդողանի ուղերձը հրապարակվել էր 9 լեզվով:

World Street Journal պորտալը գրել է, որ Էրդողանը մոտ 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին հանդես եկավ աննախադեպ, հաշտեցնող ուղերձով՝ առաջ քաշելով «համատեղ ցավի» գաղափարը:

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունն ուշադրություն է հրավիրել, որ Էրդողանը 1915 թվականի դեպքերը ճանաչել է որպես անմարդկային և կիրառել է հաշտեցման լեզու: Գործակալությունն ընդգծել է, որ առաջին անգամ է, որ Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնում այդ կապակցությամբ: Reuters-ն Էրդողանի այդ հայտարարությունը որակել է որպես «պատմական քայլ»:

Ֆրանսիական France 24 հեռուստաալիքն Էրդողանի հայտարարությունը որակել է որպես «հազվադեպ և ընդգծման արժանի հայտարարություն»: Հեռուստաալիքն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Էրդողանն առաջին անգամ բաց կերպ խոսել է հայերի վերապրած պատմական դրամայի մասին:

Ֆրանսիական Europe-1 ռադիոկայանը Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին Էրդողանի կողմից ցավակցելը որակել է որպես «պատմության մեջ նոր էջի բացում»: Ֆրանսիական Le Monde թերթը գրել է, որ Էրդողանն առաջին անգամ է այսչափ բաց խոսում Հայոց ցեղասպանության մասին:

Le Parisien թերթն Էրդողանի կողմից ցավակցություն հայտնելը որակել է որպես «քաղաքական երկրաշարժ»՝ ընդգծելով, որ դա աննախադեպ իրադարձություն էր Թուրքիայի պատմության ընթացքում:

Atlantico.fr կայքն էլ հայտնել է, որ Հայոց ցեղասպանությանը հաջորդած շուրջ մեկ դարում թուրք և ոչ մի առաջնորդ չէր արել Էրդողանի արած հայտարարության նման հայտարարություն:

Գերմանական Tagesspiegel թերթի փոխանցմամբ՝ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին առաջնորդն է, ով պաշտոնական ուղերձ է հղում Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Թերթը նշել է, որ դա թեև կարևոր քայլ է, սակայն չի նշանակում պաշտոնական ներողություն:

Գերմանական Süddeutsche Zeitung պորտալն ընդգծել է, որ Էրդողանն առաջին անգամ է ցավակցում հայերին և նրա հայտարարությունը որակել է որպես «անակնկալ»:

Պորտալն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ ի տարբերություն թուրք նախկին առաջնորդների՝ Էրդողանը հաշտեցնող տոն է կիրառում՝ հիշեցնելով 2009 թվականին Անկարայի ու Երևանի միջև արձանագրությունների ստորագրման մասին:

Deutsche Welle-ն էլ Էրդողանի ուղերձը վերնագրել է հետևյալ կերպ. «Թուրքիան պարզեց իր ձեռքը»՝ նկատի ունենալով այն, որ Էրդողանը ցավակցել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվածների թոռներին, ինչը և որակել է որպես «արտասովոր ժեստ»:

Տեսանյութեր

Լրահոս