
Թուրքական տանկերն ու զրահամեքենաները հատել են Սիրիայի սահմանը. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորմանը մոտ կանգնած անձանց Twitter-յան գրառումները վկայում են, որ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են Սիրիայի տարածք:
Խոսքը գնում է Թուրքիայի սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քարաքոզաք գյուղի մոտ գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքի մասին, որը թուրքական մամուլի բնորոշմամբ՝ հանդիսանում է Թուրքիայի սահմաններից դուրս ընկած, սակայն Թուրքիային պատկանող միակ տարածքը:
Նշվում է, որ Թուրքիան դամբարանի տարածք է ուղարկել 6 տանկ, 12 զրահամեքենա և հարյուրավոր զինծառայողներ՝ մեծացնելու համար տեղում իր ռազմական ներկայությունը: Թուրք զինծառայողներն այնտեղ հասնելու համար անցել են Սիրիայի քրդաբնակ Քոբանե կանտոնի (շրջան) տարածքով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտնել է, որ շարասյունն օգնություն է տանում դեպի Սուլեյման Շահի դամբարանի տարածք:
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ: Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:
Դամբարանի տարածքը ներկայումս պաշտպանում է թուրք մոտ 25 զինծառայող: Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը: