Բաժիններ՝

«Դ!ԵՄ ԵՄ»-ը չի շտապում ուրախանալ

«Ես այդ հայտարարության մեջ դեռ ուրախանալու ոչինչ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունը` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ:

Ակտիվիստն ասաց, որ չի ցանկանում հապճեպ գնահատականներ տալ, քանի որ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կետերը միանշանակ չեն, և նախաձեռնությունը դեռ պետք է մանրամասն քննարկի, վերլուծի և ճիշտ հասկանա ներկայացված առաջարկը: Դրանից հետո նոր «Դ!ԵՄ ԵՄ»-ը հանդես կգա հայտարարությամբ:

««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում գնահատականներ տալ, մենք չենք շտապում բացականչություններով, ուրախությամբ ընդունել այդ հայտարարությունը, որովհետև պետք է հասկանանք` ինչ է կատարվել: Ընդ որում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, սա դեռ պարտադիրը չէ, ընդամենը մեկ հոդված է, որի կասեցումը նորույթ չէ. դրա կասեցում հունվարին է եղել` Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, բայց, եթե հիշում եք, դրանից հետո էլ իրավիճակը, մեղմ ասած, հիանալի չէր»,- նշեց Դավիթ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօրվա հայտարարության մեջ անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումների խնդրին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին, մասնավորապես` «Դ!ԵՄ ԵՄ» շարժմանը, կառավարության հետ համագործակցել կենսաթոշակային բարեփոխումների նոր օրինագիծը մշակելու գործում:

Կարդացեք նաև

Աբրահամյանը տեղեկացրել է, որ 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Նա մի կողմից նշել է, որ դրանով այս պահին օրենքի «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է, սակայն մյուս կողմից` ավելացրել է.

«Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»»:

«Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի»,- մասնավորապես նշված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս