ՊԵԿ-IOTA. միջազգային գործակցության ընդլայնում
Երևանում մեկնարկել է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային դասընթաց.
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երևանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց: Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը:
«Կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը»,- բացման խոսքում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Եռօրյա դասընթացին մասնակցում են 30 հարկային պաշտոնյաներ 17 երկրներից: «Թեմայի վերաբերյալ բազմաբովանդակ շնորհանդեսների միջոցով բոլոր պատվիրակները կներկայացնեն իրենց երկրի լավագույն փորձը: Մենք կարծում ենք` սա փորձի փոխանակման չափազանց արդյունավետ միջոց է, և IOTA-ն պատիվ ունի գտնվելու Հայաստանում և այդ նպատակով համագործակցելու Հայաստանի հարկային ծառայության հետ»,-նկատել է միջազգային դասընթացի համակարգող Դեյվիդ Վուդսը:
Դասընթացի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: Ինչպես դիտարկում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ռիսկերի վերլուծության համակարգը հարկային վարչարարության արդիական գործիք է, որի լիարժեք կիրառությունը վկայում է տվյալ համակարգի զարգացած լինելու մասին:
ՊԵԿ-ը նույնպես կիրառում է ռիսկերի կառավարման միջազգային սկզբունքները. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմամբ էլեկտրոնային գործիքների խմբավորման և միասնական տրամաբանության սկզբունքի հիման վրա նախագծվել է ռիսկերի կառավարման համակարգը (ՌԿՀ):
«Ռիսկերի վերլուծության համակարգի արմատավորումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ կանխարգելել պոտենցիալ ռիսկերը, նվազեցնել վարչարարական ընթացակարգերը, հետևաբար նաև շփումները հարկ վճարողների և հարկային մարմնի միջև»,-ներկայացրել է Վախթանգ Միրումյանը: Ներկայում հարկային ծառայությունում ներդրվել է մոդուլներից մեկը` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ ենթահամակարգը, իսկ համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվում է 2016-ին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին