«Քոչարյանը արագացնում է գործընթացները». Աղասի Ենոքյան. «Ժամանակ»

«Ժամանակի» զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր երեկվա հարցազրույցում դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգին։ Ըստ Ձեզ՝ դեմ լինելու պատճառը հետագայում մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկությո՞ւնն է։

– Միարժեքորեն։ Ես կարծում եմ, որ երբ Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ սահմանադրական բարեփոխումները և միաժամանակ հայտարարեց, որ ինքը մտադրություն չունի նախագահի կամ վարչապետի պաշտոնում լինել, նա ակնկալում էր, որ նմանատիպ մի հայտարարություն էլ Քոչարյանը կանի։ Բայց ինչպես տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանը տրամագծորեն հակառակ մոտեցում ունի՝ մտածում կամ ենթադրում է, որ ինքը կվերադառնա բարձր պաշտոնի, եթե սահմանադրական բարեփոխումները չհաջողվեն՝ նախագահ, եթե հաջողվեն՝ վարչապետ։

– Հարցազրույցում Քոչարյանն, իհարկե, ոչ ուղղակի, այնուամենայնիվ դրական է արտահայտվում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին։ Հնարավո՞ր է ինչ-որ փուլում Քոչարյանն ու Աբրահամյանը դուրս գան իշխանությունների դեմ։

– Ընդհանրապես գործընթացներին և մամուլի հրապարակումներին հետևելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հովիկ Աբրահամյանը կիսաիշխանավոր է, այսինքն՝ ըստ էության, Հովիկ Աբրահամյանի նշանակումը մեծ չափով կոմպրոմիս էր Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմի հետ։ Այսինքն՝ կատարրվեց նրանց ուզած փոփոխությունը։ Մենք տեսանք, որ դրա վերաբերյալ քննադատաբար էին արտահայտվել քառյակի մնացած բոլոր անդամները, բայց ասենք՝ «Բարգավաճ Հայաստանը» գոհ էր այն ամենից, ինչին նա հասավ։

– Ինչի՞կարող է հանգեցնել այս ամենը։ Նա նախկինում էլ անդրադառնում էր այն խնդիրներին, որոնց դեմ հասարակական ընդվզում կար։ Կարծում եք՝ այս ամենով արագացնո՞ւմ է գործընթացները։

– Կարծում եմ՝ այո։ Քոչարյանն արագացնում է գործընթացները, նա ենթադրում է, որ կկարողանա ստեղծել մինչև հերթական ընտրությունները որոշակի իրավիճակ, որտեղ կկարողանա լուծել իշխանափոխության հարցը՝ մանավանդ, որ նրան սպառնում են սահմանադրական բարեփոխումներ։ Այսինքն՝ մինչև սահմանադրական բարեփոխումները կփորձի արագացնել գործընթացը։

– Ձեր տպավորությամբ, իր շուրջը հասարակությունը կհամախմբվի՞, թե՞ այնուամենայնիվ Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կխանգարեն դրան։

– Եթե Մարտի 1-ի պայմանական զոհը՝ Հայ ազգային կոնգրեսը, և Մարտի 1-ը կատարողներից մեկը՝ «Բարգավաճ Հ.այաստանը», կարողացել են համախմբվել, կարողացել են վեր կանգնել էլեմենտար բարոյական ամբիցիաներից և քաղաքական ամբիցիաների համար համախմբվել են, ես կարծում եմ, որ նրանք իրենց էլեկտորատներին նույնպես որոշակի աշխատանքի դեպքում կկարողանան համախմբել՝ մանավանդ, որ հասարակության զգալի զանգվածի հիշողությունը կարճ է, և Մարտի 1-ը շատ հանգիստ սերմացուով կամ կարտոֆիլով կամոքեն։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս