Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար. Բորիս Նավասարդյան. «Ժամանակ»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:
– Պարոն Նավասարդյան, ապրիլի 23-24-ը Պրահայում կկայանա «Արևելյան գործընկերության» հերթական միջոցառումը, որը նույնիսկ շատերն անվանում էին գագաթնաժողով: Օրակարգն արդեն հայտնի է, ի՞նչ հարցեր են ընդգրկված, և Հայաստանն ինչպե՞ս և ի՞նչ կազմով է ներկայանալու միջոցառմանը:
– Պրահայում կայանալիք միջոցառումը նվիրված է 2009թ. Պրահայի գագաթնաժողովի 5-րդ տարեդարձին և անցկացվում է Պրահայի ղեկավարության նախաձեռնությամբ: Այնտեղ ներկա են լինելու և զեկուցելու են ԱլԳ երկրների նախագահները, ԱԳ նախարարներն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնավորապես Հայաստանից, ըստ ծրագրի, ելույթ են ունենալու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տնտեսական համագործակցությանը նվիրված նիստում և ես՝ այն նիստում, որտեղ խոսվելու է քաղաքացիական հասարակության դերի մասին ԱլԳ-ում:
– Ուկրաինական զարգացումներից հետո, երբ ԱլԳ-ն ևս վերանայման փուլում է, ի՞նչ է ակնկալում Եվրոպան Հայաստանից, և մեր քաղաքացիական հատվածը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայի հետ, ի՞նչ կարող է ակնկալել Եվրոպայից:
– Վերջին ամիսների ընթացքում ԵՄ պաշտոնյաները հիմնականում արտահայտում են մեկ կարծիք, որ Հայաստանն առաջին հերթին պետք է կողմնորոշվի, թե ինչ մակարդակով զարգացնի իր հարաբերությունները ԵՄ հետ: Հայաստանի կողմից առայժմ հստակ ազդակներ չկան, ընդհանուր գծերով մեր պաշտոնյաները պնդում են, որ շարունակում են շահագրգռված լինել ԵՄ հետ համագործակցությամբ, բայց ձևաչափերն ու բովանդակությունն առայժմ վերջնական չեն և շատ առումներով կախված են նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ունի այդ հարցում Ռուսաստանը:
Բայց դա չի նշանակում, թե Հայաստանում տարբեր քաղաքացիական ու քաղաքական կառույցներ չէին ցանկանա վերադառնալ ավելի սերտ համագործակցության, այնպիսի համագործակցության, որը որպես վերջնական արդյունք կբերի Հայաստանի եվրաինտեգրացիային:
Համադրելով այն հնարավորությունները, որոնք կարող են մնալ ՀՀ-ի որոշմանը Եվրասիական մոդելի զարգացման պայմաններում և այն հնարավորությունը, որ կարող է մեզ առաջարկել նաև ԵՄ-ն, այդ երկու գործոնների համադրումով հնարավոր կլինի տեսնել արդեն ավելի հստակ այս տարվա վերջում ԵՄ-ՀՀ հարաբարերությունների մակարդակը:
– Նշեցիք, որ հստակ ուղերձ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ն չի ստացել, իսկ ի՞նչ ուղերձ է ստացել հայաստանյան քաղաքացիական հատվածի կողմից: Չե՞ք կարծում, որ արագ համախմբումն ու բևեռի ձևավորումը կարող էր լինել այդ մեսիջը: Այս հարցում Դուք խնդիր տեսնո՞ւմ եք:
– Ես վաղուց եմ տեսնում այդ խնդիրը և բազմիցս հայտարարել եմ, որ բնական վիճակ չէ, երբ Հայաստանում կան և կառույցներ, և անհատներ, որոնց համար անկասկած եվրոպական ուղին նախընտրելի է, բայց տեղի չի ունենում բևեռի ձևավորում, տեղի չի ունենում այդ ուժերի համախմբման գործընթաց:
Իմ կարծիքով՝ դա բավականին բարդ գործընթաց է, և դժվար էր ակնկալել, որ այն պայմաններում, այն քաղաքական դաշտի պայմաններում, որը կա Հայաստանում, դա արագ տեղի կունենա:
Ես ամեն դեպքում հույսեր պահպանում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մի բան կստացվի: Քաղաքացիական հասարակության, հասարակական-քաղաքական մակարդակով այդ մեսիջը բավական չէ, որպեսզի պաշտոնական մակարդակով լուրջ ազդեցություն ունենա գործընթացների վրա, բայց դա գոնե ինչ-որ ազդակ կլինի ԵՄ մեր գործընկերների համար, որ այնպես չէ, թե Հայաստանում միանշանակ է ընկալվում Եվրասիական ինտեգրացիոն մոդելի ընտրությունը, և Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն դեպքում գտնում են, որ նախընտրելի է Եվրոպական ինտեգրացիայի ուղին:
– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ի՞նչ խնդիր կա, ըստ Ձեզ, որ պաշտոնական մակարդակում թաքցվում է:
– Իմ համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար: Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը պարզապես անհրաժեշտ էր, որպեսզի կասեցվի ԱՀ-ի նախաստորագրման գործընթացը, և այդ խնդիրը լուծված է: Բայց արդիական է մնում` Եվրասիական միություն ձևավորելը, որպես ռուսական կայսրության մի նոր տեսակ: Սա է պատճառը, որ այսօր կամաց-կամաց սկսում են ավելի շատ խոսել ոչ թե Հայաստանի Մաքսային միության միանալու մասին, այլ Եվրասիական միությանը միանալու մասին, այսինքն՝ այդ կայսրության մաս կազմելու մասին:
Ինձ թվում է, որ ընդհանրապես Մաքսային միության արդիականությունը կորում է, որովհետև այն շատ ավելի ցածր ինտեգրացիոն մոդել է, քան Եվրասիական միությունը, և այլևս հետաքրքիր չէ Ռուսաստանին: ՌԴ-ն ձգտում է ավելի խոր ինտեգրացիայի, ավելի խոր կապվածության և հսկողության իրեն շրջապատող երկրների նկատմամբ՝ այսինքն՝ ԽՍՀՄ մի մասը գնում է նոր կայսրության մասը դառնալու ճանապարհով: Այսինքն՝ ՄՄ-ին միանալու հայտարարությունն ու ՄՄ-ն ընդհանրապես իր գործառույթն իրականացրել է:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։