Բաժիններ՝

Սուտ մատնություն է տվել, թե փոխգնդապետ ամուսինը ատրճանակի փողն ուղղել է իր գլխի ուղղությամբ և պահանջել է ասել, թե ով է իր սիրեկանը

Երևանի 41-ամյա բնակչուհին մեղավոր է ճանաչվել սուտ մատնության մեջ:
Նախաքննության ընթացքում կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը կեղծ է, Ռազմական ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ փոխգնդապետ ամուսինը տան ննջասենյակում ատրճանակի փողն ուղղել է իր գլխի ուղղությամբ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է ասել, թե ով է իր սիրեկանը:
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ մինչև դատաքննությունը սկսելը կինը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և համաձայնել է մեղադրանքի հետ:

Հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները՝ առաջին ատյանի դատարանը գտել է, որ 41-ամյա կինը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը դիտել է այն, որ կինն անկեղծորեն զղջացել է կատարած հանցավոր արարքի համար, նախկինում դատված և արատավորված չի եղել, խնամքին է գտնվում մեկ անչափահաս երեխա: Պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Առաջին ատյանի դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնության մեջ, դատապարտվել 200 հազար դրամ տուգանքի:
Առաջին ատյանի դատարանի վճիռն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս