Հովիկ Աբրահամյանի ու «Դ!ԵՄ ԵՄ»-ի «ջրերը»՝ նույն առվում
Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո հաջորդ իսկ օրը ՀՀ կառավարության նիստում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել էր հայտարարել, թե օրենքն այն տեսքով, ինչ տեսքով ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը:
«Մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով»,- ասել էր Տ.Սարգսյանը` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հանձնարարելով «իրավական գրոհ» կազմակերպել և ՍԴ որոշման մեկնաբանությունները կառավարական դիտանկյունից ներկայացնել հանրությանը, որպեսզի հանկարծ հույսի որևէ շող չմնա, և գործատուները շարունակեն կուտակային վճարների գանձումներն ու գումարներն առանց ուշացնելու փոխանցեն ֆոնդերին:
Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նոր վարչապետ` նոր մոտեցումներ: Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը` Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Քաղաքացիական հասարակությունն ու մասնագետները նշում էին նոր վարչապետի քայլի դրական կողմերը:
«168 Ժամի» հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «դրական քայլ» որակեց նաև ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ էլ ձեռնարկել, մասնավորապես` էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պատուհանը փակել: «Որպես առաջին կարևոր քայլ, բնականաբար, դրական եմ գնահատում»,- ասաց նա:
Մինասյանի կարծիքով` սա նվազագույնն է, որ ակնկալվում էր այս փուլում, իսկ առավելագույնն այն կլիներ, որ նաև ՍԴ որոշումից հետո առոչինչ ճանաչված բոլոր փոխանցումներն ու ֆոնդերի ընտրությունները հետ դարձնեն քաղաքացիների կամարտահայտության դաշտ, և այժմ թույլ տրվի քաղաքացիներին, որպեսզի իրենք ընտրությունը կատարեն, ոչ թե պարտադրված լինեն այդ գործողությանը գնալ:
Կառավարությունը պատրաստվում է առաջարկել նշված օրենքի նախագիծը քննարկել Ազգային ժողովի ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյա նիստում: Իսկ ի՞նչ է լինելու մինչ այդ: Մեր դիտարկմանը, որ ինչքան էլ սեղմ ժամկետում օրինագիծը մշակվի ու հաստատվի, ապրիլի 20-ը հաշվետվությունների ներկայացման վերջին ժամկետն է, և գոնե այս ամիս տույժերից խուսափել չի հաջողվի, Ա.Մինասյանը պատասխանեց, որ չեն կարող այս ամիս տուգանքի ենթարկվել նախ` այն պատճառով, որ ՍԴ-ն ապրիլի 2-ին է որոշումը հրապարակել, իսկ դրանից առաջ չկատարումների, չփոխանցումների համար որևէ մեկն իրավունք չունի տուգանքի ենթարկել (գործում էր ՍԴ հունվարի 24-ի որոշումը, որով ժամանակավորապես կասեցվում էր տույժերի կիրառումը):
«Երկրորդ` ապրիլի 2-ին հրապարակված որոշման կատարումը տուգանքների տեսքով կարող է տեղի ունենալ միայն մայիս ամսվա աշխատավարձերի հաշվարկման ժամանակ, բայց ես ակնկալում եմ, որ առաջիկա քառօրյայում կառավարության հետ համատեղ կաշխատենք, որովհետև քառյակն էլ նախագիծ ունի, և վարչապետն էլ այդ ցանկությունը հայտնել է, համատեղ քննարկում կիրականացնենք և միասնական լուծման կգանք»,- ասաց Ա.Մինասյանը: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ տույժերը կասեցնելու մասին օրինագիծը չի ուշանա և առաջիկա քառօրյայում կընդունվի:
Ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ կլինի: Նույնիսկ արդեն երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր բարենպաստ հող նախապատրաստում օրինագծի համար: «Ես դրական մոտեցում ունեմ, շատ հնարավոր է, որ կողմ կքվեարկենք»,- ԶԼՄ-ներից մեկին ասել էր Սահակյանը:
«Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները ևս դրական են գնահատում Հ.Աբրահամյանի նախաձեռնությունը, սակայն՝ ոչ բավարար: Ըստ նրանց` կառավարությունը պետք է պաշտոնապես հայտարարի, որ ոչ մի գործատու չպետք է կատարի պարտադիր կուտակային կենսաթոշակային պահում, եթե աշխատողը գրավոր կամք չի արտահայտել մասնակցելու այս համակարգին, նաև պետք է շտապ փոխել ՊԵԿ ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձևը, որպեսզի կուտակային վճարների դաշտը չլինի ինքնաշխատ, անհապաղ կասեցնել ծրագրային մոդուլով ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու ապօրինի գործարքները, քանի որ դա ուղղակիորեն հակասում է ՍԴ որոշմանը` արհամարհվում է անձի ազատ կամարտահայտման իրավունքը:
Շարժման ակտիվիստ Վահան Դուրինյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «Դ!ԵՄ ԵՄ»-ի գործողությունների վրա չի կարող ազդեցություն ունենալ. «Մեր քայլերի վրա դա կազդի այն դեպքում, երբ հստակ ինչ-որ բան լինի, այսինքն` փաստաթուղթ ընդունվի: Խոսքերը՝ ինչ քանակությամբ և ինչ որակի ուզում է լինի, չեն ազդի, որովհետև խոսքեր շատ են եղել»:
Հաշվի առնելով, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին շատ էր փորձում շարժման հատկապես ակտիվ անդամների հետ առանձին հանդիպել ու «երկխոսել», Վ. Դուրինյանից հետաքրքրվեցինք` արդյոք Հովիկ Աբրահամյանը փորձե՞լ է առանձին հանդիպել և հատուկ մոտեցում ցուցաբերել: Նա պատասխանեց, որ նոր վարչապետը դեռ որևէ քայլ չի արել «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներին հանդիպելու համար:
Ի դեպ, երեկ Բաղրամյան 26-ի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ն անցկացրեց իր հերթական ակցիան: Դուրինյանի բնորոշմամբ՝ այն ավելի շատ միտված էր հստակեցնելու Սահմանադրության մեջ ամրագրված այն դրույթը, որ երկրի նախագահը ՍԴ երաշխավորն է. «Եվ քանի որ ներկա դրությամբ Սահմանադրությունը խախտված է նույն պաշտոնյաների` նախագահի ենթակաների կողմից, մենք կոչ ենք անում այդ պաշտոնյաներին ուշքի բերել»: