Արման Մելիքյանը՝ ՕԵԿ-ի մասին. Իրավապահ մարմինները պետք է հետաքննություն նախաձեռնեն

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միանգամայն արդարացված կլինի, եթե ՀՀ իրավապահ պատկան մարմինները հետաքննություն նախաձեռնեն «Օրինաց Երկիր» կուսակցության իշխանական կոալիցիայի մաս կազմելու և իրեն հասանելիք նախարարական պորտֆելները՝ մինչ այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձանց տալու առնչությամբ:

Իմ կարծիքով, երբ մարդը նախարարի պաշտոնը ստանալու համար պատրաստ է մտնել կուսակցության մեջ և կուսակցությունից դուրս է գալիս այն ժամանակ, երբ այդ պաշտոնը պահպանելն այլևս կուսակցության լուծելիք հարցը չէ, ապա միայն մեկ հետևություն կարելի է անել՝ տվյալ պաշտոնը կոռուպցիոն գործարքի միջոցով է բաժին հասել տվյալ անձին:

Պարզ ասած՝ չի բացառվում, որ կուսակցություն կոչվածն իր հասանելիք պաշտոնների քվոտան հանել է վաճառքի, իսկ կոնկրետ անձինք էլ այդ պաշտոններն ինչ-ինչ պայմաններով ձեռք են բերել ու այսքան տարի պաշտոնավարել: ՕԵԿ-ական նախարարների կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություններն ուղղակիորեն վկայում են, որ այդ սուբյեկտների միջև եղած հարաբերությունները հիմնված են եղել կոնկրետ պաշտոնների ձեռքբերման հետ կապված պայմանավորվածությունների վրա, ինչն, ամեն դեպքում, կոռուպցիոն բնույթ է հաղորդում կատարվածին:

Քանի որ հնչեցին նաև հայտարարություններ այն մասին, որ «դասալիքները» անդամագրվել էին ՕԵԿ-ին՝ անձնապես պարոն Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին օգտակար լինելու նպատակով, ապա բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ էին իրենք այդ երկար ճանապարհն ընտրել, եթե կարող էին օգտակար լինել հենց ՀՀԿ-ին անդամագրվելով:

Այս ամենից բխում է նաև, որ այսքան տարի հայաստանյան պաշտոնատարները ստել են, երբ խոսել են կոալիցիոն կառավարության մասին՝ կառավարությունն անբողջությամբ ՀՀԿ-ական էր, պարզապես քարոզչական նպատակներով դրա մի մասին ներկայցրել են որպես ՕԵԿ-ական:

Մի խոսքով՝ այս ամենը քաղաքական խոզություն է, որն, ամենայն հավանականությամբ, կոռուպցիոն բաղադրյալ է պարունակում և ուղղակիորեն հարվածում է մեր պետականության վարկին»:

Տեսանյութեր

Լրահոս